Ռեկտորատի նիստում շնորհավորեցին երկու հոբելյարների
Այսօր կայացած ՀՊՏՀ ռեկտորատի նիստում ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց մեր համալսարանի պատմության ու տարեգրության մեջ մեծ ավանդ ներդրած երկու հոբելյարների 80-ամյակը:
Բարձր գնահատելով վիճակագրության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Վալերի Ալեքսանյանի մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև հանրապետության վիճակագրության բնագավառում անուրանալի ավանդը՝ ռեկտորը շեշտեց, որ նա, խորամուխ լինելով գիտամանկավարժական ու հետազոտական աշխատանքում, իր գործը մշտապես արել է մտքի ու սրտի թելադրանքով, զարմացնող համեստությամբ, անսահման սիրով ու նվիրումով և հանձնեց շնորհավորական ուղերձ:
Վալերի Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց համալսարանում իր երկարամյա աշխատանքն գնահատելու համար:
Արժևորելով տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 1994-2006 թթ. համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1986-2011 թթ. հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Աղասի Սարգսյանի անցած երկար ու բեղմնավոր ճանապարհը ու երախտագիտության խոսք հղելով նրա հասցեին՝ Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձը հանձնեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանին:
Ուղերձում մասնավորապես ասված էր. «Շատերն են առնչվել կազմակերպչի ու կառավարչի Ձեր անուրանալի ընդունակություններին և հմտություններին և կվկայեն, որ բոլոր պաշտոններում Ձեզ հաջողվել է ստեղծել աշխատանքային առողջ, խստապահանջ, միաժամանակ բարյացակամ ու ջերմ մթնոլորտ` մշտապես առաջնորդվելով համալսարանի անունը բարձր պահելու նվիրական զգացումով: Ձեր գիտական ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել տասնյակ ասպիրանտներ ու հայցորդներ, Ձեր փայլուն խորհրդատվությամբ ու աջակցությամբ նրանցից շատերը դարձել են գիտության դոկտորներ: Սրտացավությամբ, հետևողականորեն Դուք ուղղորդել ու աջակից եք եղել բոլորին, միաժամանակ փոխանցել եք կյանքի դասեր` Ձեր փորձն ու հարուստ գիտելիքը»:
Հ.Գ. Ինչպես նշեցինք վերևում, Աղասի Սարգսյանը ներկա չէր նիստին, ուստի հրապարակում ենք լուսանկար մեր արխիվից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին