Ընթերցանությունը՝ լավագույն հոգևոր սնունդ. ի՞նչ են կարդում ՀՊՏՀ ուսանողները

Դիտումների քանակ՝ 5097

Դասերն ավարտվել են, ուսումնական տարին մոտենում է եզրագծին: Առանց ուսանողական եռուզեռի, այս ու այն կողմ շտապող կամ պարզապես բակում ու միջանցքներում խմբված աշխույժ երիտասարդների՝ համալսարանական հմայքն ասես խամրում է: Բուհական իրադարձությունները ևս տրամաբանորեն նվազել են…

Այս օրերին, թերևս, ամենաուսանողաշատը գրադարանն է՝ Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահը: Այստեղ միշտ կարելի է հանդիպել մտակերտվածքով ու աշխարհայացքով, հաղորդակցվելու ունակություններով, բառապաշարով և էլի շատ առումներով  տարբերվող, պայծառ երիտասարդների, որոնց համար կարդալը կենսակերպ է, ինքնազարգացման ամենաուղիղ ճանապարհն ու լավագույն հոգևոր սնունդը: Ոգեշնչվելով գրքասեր համալսարանականներից՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց նրանց, ինչպես նաև գրադարանի տնօրինության հետ՝ պարզելու համար, թե ինչ գրքեր են կարդում երիտասարդները և առհասարակ, ինչ  է ընթերցանությունն ուսանողի համար:

ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը մեզ ներկայացրեց ամենապահանջված, այսպես ասած, ոչ ուսումնական և ոչ մասնագիտական գրքերը, որոնք ուսանողները պատվիրում են լրացուցիչ ընթերցանության, ինքնազարգացման համար: Այդ գրքերի շարքում են օրինակ՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»-ը, Այշե Գյուլ Ալթընայի և  Ֆեթհիյե Չեթինի «Թոռներ»-ը (Հայոց ցեղասպանության մասին հուշագրություն), Թեոդոր Դրայզերի «Ֆինանսիստը»:

««Ի հեճուկս» նորագույն տեխնոլոգիաների գերակայության, մեր ուսանողներն ակտիվորեն գեղարվեստական գրքեր են կարդում և, ի դեպ, ոչ թե առցանց, այլ տպագիր, հետաքրքրված են ինչպես հայ, այնպես էլ ռուս և արտասահմանցի հեղինակներով: Երբեմն այնպիսի գրքեր են պատվիրում, որ հաճելիորեն զարմանում ենք. տնտեսագետ-ուսանողը բարձրարվեստ ստեղծագործություններ է կարդում: Բակունց, Նար-Դոս, Քամյու, Հեսսե, Հյուգո…նախընտրությունները տարբեր են»,-նշեց տնօրենը, ով խմբավորում է ՀՊՏՀ ընթերցասերներին՝ բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանող, ասպիրանտ, դասախոս-գիտնական, որոնցից  յուրաքանչյուրն իր հիմնավոր հետաքրքրությունն ունի:

Սփենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը», Դեյվիդ Լուիսի «Նեյրոմարքեթինգ»-ը, նոր հրատարակության բիզնես-ուղեցույցերը ևս ամենապահանջված գրքերի թվում են:

Ընթերցասրահ եկած ուսանող Լևոն Մարտիրոսյանը (հողագույքային հարաբերություններ, հեռակա 4-րդ կուրս) մեզ հետ զրույցում նշեց, որ սիրում է կարդալ հակաուտոպիստական գրքեր:

«Ընթերցանությունը մտածողության խեղդող սահմանափակումից դուրս թռչելու միջոց է: Մենք յուրովի ենք ընկալում գրքերը և չափազանց կարևոր է, որ ամեն գրքից քաղենք այն, ինչը կօգնի կյանքում ավելի խելամիտ գործել, վերաիմաստավորել երևույթներն ու մի քանի քայլ առաջ մտածել: Մեկ խոսքով՝ կօգնի իմաստնանալ ու քաղել այն, ինչը հեղինակն է ցանկացել փոխանցել»,-համոզմունք հայտնեց ուսանողը և նշեց այն  ստեղծագործությունները, որոնք փոխել են իր աշխարհընկալումը. Էնտոնի Բյուրջեսի «Լարովի Նարինջ», Ջորջ Օրուելի «1984» և «Անասնաֆերմա», Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով»: Սա, անշուշտ, գիտաֆանտաստիկ գրականության սիրահար Լևոնի կարդացած գրքերի մի փոքրիկ մասն է միայն:

Աուդիտ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Վասակ Ավագյանը նախընտրում է դեդեկտիվ և արկածային գրականություն: Ամենասիրելի գիրքը Ալեքսանդր Դյումայի  «Կոմս Մոնտե Քրիստո»-ն է: Կարդացած գրքերից Վասակն առանձնացրեց նաև Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռ»-ը և Արամ Վարդանյանի «Մեղավոր հոգու շշունջը», իսկ հասակակիցներին խորհուրդ տվեց Վիլյամ Սարոյան և Հրանտ Մաթևոսյան շատ կարդալ, որոնք տարբերվող ու բացառիկ հեղինակներ են: «Սարոյանը տարբեր է ամեն առումով՝ հիանալի է գրում, իսկ Մաթևոսյանը մեզ կապում է բնությանն ու հայրենիքին, սովորեցնում սիրել այն, ինչ մերն է»: Հետաքրքրական է, Վասակի սերն ընթերցանության նկատմամբ կրկնապատկել է, ինչպես ինքն է նշում, ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը: «Նա այնքա՜ն նրբորեն է կարողանում մոտիվացնել ուսանողին, սեր ու հետաքրքրություն առաջացնել գրքի նկատմամբ, սովորեցնել սիրել գեղեցիկը: Նրան լսելը, նրա խորհուրդները շատ ոգեշնչող են ինձ համար»,- ասաց նա:

Ֆինանսներ մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի Արուսյակ Պողոսյանի համար գիրքը հոգու ընկեր է: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր համար «Փոքրիկ իշխանը» բոլոր ժամանակների լավագույն գիրքն է, որից անդադար կարելի է սովորել, ամեն անգամ ընթերցելիս՝ նոր բան հասկանալ: Ուսանողուհին հասակակիցներին խորհուրդ է տալիս կարդալ Ռեմարկի «Հաղթական կամարը», Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»:

Մեր զրուցակիցների համար ամառային արձակուրդը կարդալու լավագույն ժամանակն է և, բնականաբար, ընթերցասեր-ուսանողներն արդեն ուրվագծել են նախընտրելի գրքերի ցանկը. գրքեր, որ կրկին պիտի հարստացնեն նրանց ներաշխարհն ու դարձնեն տարբերվող:

Ընթերցանության, գրքի մասին շատ ասույթներ են հայտնի՝ մեկը մյուսից ճշմարիտ ու բովանդակային.

  • ընթերցանությունը մարդուն ինքնավստահ է դարձնում,
  • գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող,
  • գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը…

Սիրելի ուսանողներ, կարծում ենք, արձակուրդին ընդառաջ, ձեր համալսարանական ընկերները ընթերցանության հարցում կարողացան ոգեշնչել ու ուղղորդել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին