Ամփոփվեց «Իմ ֆինանսների ամիս-2017» ծրագիրը. ՀՊՏՀ ուսանողները հաղթել են տարբեր անվանակարգերում
ՀՀ կենտրոնական բանկը, ֆինանսական տարբեր կազմակերպությունների աջակցությամբ, տարիներ շարունակ իրականացնում է «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը, որի նպատակը անձնական ֆինանսների խելամիտ կառավարման կարևորումն է, ֆինանսական բարեկեցության և սոցիալական վիճակի բարձրացումը: Այս տարի ևս ԿԲ նախաձեռնած ծրագրում ներգրավվել են Երևանի և ՀՀ մարզերի տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ՝ դպրոցականներից մինչև մեծահասակներ, և մի շարք անվանակարգերում մասնակցել մրցույթների: «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի հանդիսությունների սրահում այսօր տեղի ունեցավ «Իմ ֆինանսների ամիս-2017»-ի ամփոփման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, աշխատակիցներ, ծրագրի մասնակիցներ, հյուրեր:
Ծրագրին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ և 2 անվանակարգում հաղթող ճանաչվել: Այս առիթով մրցանակաբաշխությանը մասնակցում էր ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը:
Մասնավորապես, «Խնայողությունների խաղ» միջհամալսարանական ինտելեկտուալ առաջնությունում 127 միավորով հաղթել է ՀՊՏՀ թիմը, որի անդամներն են մաքսային գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Նաիրա Հարությունյանը, Անի Անդրեասյանը, Անգին Աբրոյանը (թիմի ավագ), Լիլիթ Մելիքյանը, Տաթևիկ Սիմոնյանը, Վահագն Սիմոնյանը: Ինչպես նաև «Խնայիր փողը՝ խնայելով բնությունը» խորագրով վերամշակման մրցույթում (թափոններից նոր իրերի պատրաստում) հաղթել և հատուկ մրցանակների են արժանացել Անգին Աբրոյանն ու Լիլիթ Մելիքյանը, ովքեր ապակե շշերից պատրաստել էին գեղեցիկ դիզայնով լապտերներ (տե'ս 4-րդ լուսանկարում):
Հավելենք, որ մեր ուսանողուհի Լիլիթ Մելիքյանը նաև հաղթել է ծրագրի շրջանակում անցկացված առցանց (ֆեյսբուքյան) ֆինանսատնտեսագիտական մրցույթում՝ առաջադրված հարցին պատասխանել է ամենաարագը, ինչի համար այսօր որպես մրցանակ ստացավ ԿԲ հուշադրամ: Նա ընդգրկված է եղել կամավորների թիմում և իրականացրած աշխատանքի համար ևս արժանացավ պատվոգրի:
Ուշագրավ է, որ «Խնայողությունների խաղում» սահմանված է 120 առավելագույն միավոր, իսկ մեր ուսանողները կարողացել են հատել առավելագույնի սահմանը՝ վաստակելով 127 միավոր և համալսարանական թիմերի շարքում դառնալ առաջամարտիկ (խաղը սիմուլյացիոն է, թիմի անդամները, իբրև մեկ ընտանիք, պլանավորում են իրենց ֆինանսական ծախսերը՝ հնարավորինս խնայողություններ կատարելով, իսկ նպատակը կյանքի որակի բարելավումն է):
Արմենակ Դարբինյանը ողջույնի խոսքում նշեց, որ «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի շրջանակները տարեցտարի ընդլայնվում են, և հանրային հետաքրքրությունը մեծանում է: ԿԲ խորհրդի ներկայացուցիչը շեշտադրեց անձնական ֆինանսների գրագետ կառավարման՝ ծախսերի խելամիտ կատարման անհրաժեշտությունը:
Այնուհետև ելույթ ունեցավ Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը՝ խոսելով ծրագրի բովանդակության և տարիների ընթացքում ձեռք բերած արդյունքների մասին: Նրա խոսքով՝ այս տարվա ծրագրի ամենատարեց մասնակիցը 83 տարեկան է, ամենափոքրը՝ 7:
Միջոցառման երկրորդ հատվածում մրցանակաբաշխությունն էր: Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված ավելի քան 2 տասնյակ մասնակիցներ ստացան պատվոգրեր և գործընկեր-կազմակերպությունների կողմից մրցանակներ:
ՀՊՏՀ թիմի մրցանակը հանձնվեց դեկան Վահե Միքայելյանին:
Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ թիմի անդամ Վահագն Սիմոնյանը տեսակետ հայտնեց, որ «Խնայողությունների խաղն» ուսուցողական է և առնչվում է մեր առօրյային: Նրա խոսքով՝ խաղն օգնում է ճիշտ պլանավորել ընտանեկան բյուջեն և խնայողություններ կատարելով՝ բարեկեցություն և կյանքի բարձր որակ ապահովել: Այս փորձառությունն, ըստ նրա, անշուշտ օգտակար է ուսանողի համար, ով ապագա ընտանիքի հայր է:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նոր հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին