Տեղեկատվության վիզուալացման համակարգ՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2583

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հանդիսությունների դահլիճում այս տարվա մարտին «Ալֆա» ընկերության կողմից տեղադրվել էր  տեղեկատվության վիզուալացման համակարգ, որը ներառում է պրոֆեսիոնալ մի շարք սարքավորումներ: Այս մասին մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, սակայն օրերս ընկերությունը մասնագիտացված էլեկտրոնային պարբերականում ծավալուն հրապարակում է ներկայացրել նախագծի մասին՝ մանրամասնելով համակարգի տեխնիկական և բովանդակային հնարավորությունները:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճը նախատեսված է ինչպես տարատեսակ նիստերի, խորհրդակցությունների և շնորհանդեսների անցկացման, այնպես էլ կինոֆիլմերի դիտման համար, ինչը բավականին էական պահանջներ է ներկայացնում պրոյեկցիոն սարքավորումների նկատմամբ՝ ինչպես լուսային հոսքի (պայծառության), այնպես էլ պատկերի մշակման որակի առումով: Ելնելով վերոշարադրյալից՝ որոշվել է սրահում որպես տեղեկատվության վիզուալացման հիմնական միջոց օգտագործել ուղղակի պրոյեկցիայի համակարգը՝ հատուկ օպցիոնալ տելեօբյեկտիվով հագեցած Panasonic PT-RZ970LBE բարձրորակ պրոֆեսոնալ ինստալացիոն լազերային պրոյեկտորը: Ուշագրավ լուծում է եղել բեմի վրա տեղադրված սեղանի շուրջը՝ նախագահության համար, Full HD էկրանների տեղադրումը:

Նախագծի հեղինակները նշում են, որ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը մեծ ուշադրություն է դարձնում ուսումնական գործընթացքում ուսուցման ժամանակակից տեխնիկական միջոցների ներդրմանը, կարողացել է գտնել անհրաժեշտ միջոցներ բարձր մակարդակի նախագծի լիամասշտաբ իրականացման համար:

«Ըստ տեղադրված սարքավորման ամբողջականության՝ ՀՊՏՀ մեծ սրահի տեղեկատվության վիզուալացման համակարգը Հայաստանում եզակի է, որի արդյունքում համալսարանը դարձել է հզոր պրոֆեսիոնալ լազերային պրոյեկտորի հիման վրա իրացվող թվային տեղեկատվության համակարգ ունեցող հանրապետության առաջին ուսումնական հաստատությունը»,- մասնավորապես ընդգծում են նախագծի հեղինակները:

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ avclub.pro/cases/installyator/pervaya-v-armenii-installyatsiya-s-professionalnym-lazernym-proektorom/:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին