Գեղանկարիչ Արամ Էլբակյան. «Չկա լավ ու վատ նկարիչ, կա հոգեհարազատ նկարիչ…..»
Մեր համալսարանի ֆինանսական ֆակուլտետի պահնորդական ծառայությունում է աշխատում գեղանկարիչ, 1987 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ Արամ Էլբակյանը: Ինչպե՞ս թե, իրավացիորեն կզարմանա ընթերցողը: Ահա, թե ինչպես՝ իր իսկ խոստովանությամբ. «Արվեստն ինձ համար երբեք չի եղել ապրուստի միջոց, վրձինը ձեռքս եմ առնում ու նկարում եմ միայն ներշնչանքի պահերին և ոչ երբեք՝ պատվերով, գումարի համար: Միշտ վաստակել եմ իմ մասնագիտական աշխատանքով. թատրոնում՝ որպես բեմի ձևավորող նկարիչ, գործարանի կոնստրուկտորական բաժնում՝ որպես դիզայներ: Իմ խորին համոզմամբ՝ արվեստագետի ստեղծագործական եռանդը չպիտի կաշկանդվի ու շրջանակի մեջ դրվի»:
Այսօր էլ աշխատանքին զուգահեռ նա նկարում է մեծ ներշնչանքով, այժմ ավարտին է հասցնում Եշիշե Չարենցի դիմանկարը: Նրա գործերից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, ինչպես նաև առաջարկում մեր երկխոսության միջոցով ծանոթանալ մի յուրատեսակ արվեստագետի ու մարդու, ով իր պահնորդական խցիկից էլ ջանում է բարյացակամությամբ, հարգալից վերաբերմունքով, բարի խոսքով շահել մարդկանց սրտերը, դիմավորել ու ճանապարհել ժպիտով: Մի անմիջական ողջույն-որպիսություն հարցուպատասխանի ընթացքում մեր համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը պարզում է Արամ Էլբակյանի «ով լինելը» և շտապում տեղեկացնել լրատվության և հասարակայնութան հետ կապերի բաժնին:
Էլբակյանների տաղանդաշատ ու արվեստաշունչ ընտանիքը Թբիլիսիից է, ծնողները Երևան են տեղափոխվել 1955 թ., որտեղ 1958 թ. ծնվել է Արամ Էլբակյանը: Արմատները տանում են դեպի պատմական Հայաստան՝ Ղարս, Ագուլիս, Ղրիմ՝ Թեոդոսիա: Անվանի դերասան Էդգար Էլբակյանը՝ Արմեն Էլբակյանի հայրը, նրա փոքր հորեղբայրն է:
- Պարոն Էլբակյան, ո՞ր տարիքից եք սկսել նկարել, որտե՞ղ եք սովորել:
-Նկարել սկսել եմ վաղ տարիքից՝ 8-10 տարեկանից: Պոռթկման պես է սկսվել, ինքնաբուխ: Տանն ինձ համար նկարում էի այն, ինչ հոգիս, երևակայությունս կթելադրեր, ու այդ շրջանում շատ էլ գիտակցված չէր մղումս: Ըստ իս՝ գեղանկարչությունը պետք է պոռթկումով ստեղծվի, որ առավելագույնս համոզիչ լինի ու ազդի դիտողի վրա: Այս առումով, կարծում եմ, նկարչի համար ամենադժվարն է. պոեզիայի, գրականության, երաժշտության ազդեցությունը ընթերցողին և ունկնդրին ուղղելն ավելի դյուրին է, գեղանկարչի գործը փոքր-ինչ բարդ է:
Սովորել եմ Երևանի գեղարվեստատեխնիկական ուսումնարանում, այնուհետ Գեղարվեստաթատերական ինստիտուտի (այժմ՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա) արդյունաբերական դիզայնի բաժնում, իմ ուսուցիչներն են եղել հրաշալի գեղանկարիչ Շանթ Հերթևցյանը, գծանկարի վարպետ Վռամշապուհ Շաքարյանը:
-Նկարչական ո՞ր դպրոցի հետևորդ եք Ձեզ համարում, գեղանկարիչներից ո՞ւմ արվեստն է Ձեզ ամենահոգեհարազատը:
Ինձ համարում եմ իմպրեսիոնիզմի հետևորդ, իմպրեսիոնիզմի գեղագիտության կրող, ինձ շատ հոգեհարազատ է Մանեի, Կորովինի, Սերովի, Վան Գոգի ստեղծագործական աշխարհը: Մեր իրականության մեջ ինձ համար վճռորոշ է եղել Եղիշե Թադևոսյանի, Միքայել Գայֆեջյանի, Երվանդ Քոչարի ու հատկապես Վրույր Գալստյանի ազդեցությունը: Ահա նրանք են սկզբնավորել ինձանում այն պոռթկումը, ոգին, որ ինձ ստեղծագործելու ներշնչանք է ապահովել: Հայ դասականներից շատ գնահատում, սիրում եմ Վարդգես Սուրենյանց, Գևորգ Բաշինջաղյան, Հովհաննես Այվազովսկի:
- Թեմաների ընտրությունն ինչպե՞ս եք կատարում, կա՞ն առանձնակի հոգեհարազատ թեմաներ՝ այսպես ասած՝ ոգեշնչման աղբյուր:
Թեմայի հատուկ ընտրություն չեմ կատարում: Նույնիսկ առօրյա մի մանուք, մի դրվագ կարող է հուզել, ոգեշնչել, դառնալ մի նոր կտավ, մի նոր խորհրդածություն:
Փոքրուց եմ սիրել ծով, նավահանգիստ: Հարազատներիս մոտ՝ Ղրիմ, հաճախ էի մեկնում, 1 տարի ապրել եմ Սևաստոպոլում, և ծովանկարչությունը դարձել ստեղծագործությանս ուղղություններից մեկը: Սիրում եմ դիմանկարներ անել նաև, ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ:
-Ո՞րն է, ըստ Ձեզ, նկարչի առաքելությունը:
- Կարծում եմ՝ նկարիչը պետք է ստեղծագործի ազնվորեն, հուզական, քայլի ճշմարտության ճանապարհով: Արվեստի լեզուն չպետք է այլ նպատակի ծառայի, այն պետք է վեհացնի ու բարձրացնի մարդու հոգին, քարոզի ու փոխանցի բարություն, լավատեսություն:
-Երբևէ ներկայացե՞լ եք Ձեր աշխատանքների համահավաքով՝ անհատական ցուցահանդեսով:
-Ստեղծագործական ճանապարհս անցել եմ ընդհատումներով, հատկապես բեղմնավոր տարիներ էին, երբ աշխատում և ստեղծագործում էի Մոսկվայում և հաճախակի մասնակցում ցուցադրությունների:
Անհատական ցուցահանդես չեմ ունեցել և չեմ էլ շտապել այն կազմակերպել, քանի որ վստահ եմ՝ արվեստագետը դա պետք է անի այն տարքում, երբ կա ասելիքի միասնականություն և հասունություն:
Արամ Էլբակյանը համերաշխ ընտանիքի հայրիկ է, որտեղ արվեստի ոգին է թևածում և մեծանում են սիրասուն թոռնիկները: Նրա համոզմամբ՝ «Չկա լավ ու վատ նկարիչ, կա հոգեհարազատ նկարիչ կամ հակառակը»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին