Ինտեգրվելով միջազգային կրթական շուկային. տեղի ունեցավ մագիստրոսական նոր ծրագրի շնորհանդեսը
Շվեյցարիայի ՈւՄԵՖ (Ժնև) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների կրկնակի աստիճանաշնորհման համատեղ կրթական ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ն 2017-2018 ուստարվա համար ընդունելություն է իրականացնում 2 նոր՝ Գործարար կառավարում (MBA) և Գործարար կառավարման մասնագիտացված մագիստրատուրամասնագիտությունների (EMBA) գծով:
Նիստերի սրահում այսօր վերոնշյալ ծրագրի շնորհանդեսն էր, որին ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ծրագրի համակարգող, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ստորաբաժանումների ղեկավարներ, բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներ, ծնողներ: Նշված մասնագիտությունների առանձնահատկությունները և ընդունելության պայմանները ներկայացրեց շվեյցարական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեն Հուդաշչյանը:
Ներկաներին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ սա կարևոր նախաձեռնություն է ՀՊՏՀ միջազգայնացման ճանապարհին և մրցունակ ուսանող դառնալու համար պետք է հաղորդակցվել միջազգային կրթական փորձին: Այս համատեքստում պրոռեկտորը կոչ արեց ուսանողներին օգտվել ընձեռված հնարավորությունից և դիմել ծրագրին՝ ընդգծելով, որ ՈւՄԵՖ համալսարանը առաջավոր կրթական փորձ ունի:
Ինչպես ներկայացրեց Ալեն Հուդաշչյանը, 2 մասնագիտությունների գծով էլ ուսուցումն իրականացվում է և' անվճար, և' վճարովի հիմունքներով: Այսպես, դիմորդները պետք է անգլերենի բանավոր քննություն հանձնեն: Քննության (հարցազրույցի) ընթացքում ստուգվելու են դիմորդի՝ անգլերենով հաղորդակցվելու հմտությունները, մասնագիտական ընդհանուր գիտելիքները, իսկ հարցազրույցը լինելու է տնտեսագիտության, ուսանողի սպասելիքների, նպատակների շուրջ:
Ի գիտություն՝ անվճար կամ ուսման վճարի մասնակի զեղչով կարող են ընդունվել միայն ՀՊՏՀ շրջանավարտները, իսկ այլ բուհերի շրջանավարտների համար ուսումը վճարովի է: Ուսման տևողությունը 2 տարի է, ուսանողները 1 տարի սովորելու են Հայաստանում, հնարավորություն կընձեռվի 1 կամ ավելի կիսամյակ ուսանել ՈւՄԵՖ (Ժնև) համալսարանում:
Դիմում հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 15-ը:
Հանդիպման ավարտին շվեյցարական համալսարանի պրոռեկտորը պատասխանեց ուսանողների հարցերին:
Ծրագրի և շվեյցարական համալսարանի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ Ալեն Հուդաշչյանի ելույթից և տեղեկատվական հոլովակից:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին: Ծրագրի մանրամասներն արտահայտված են նաև հետևյալ հղումով հրապարակման մեջ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին