ՀՊՏՀ դոցենտի ծրագիրը հաղթել է միջազգային դրամաշնորհային մրցույթում
Օրերս ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հիմնադրամը ամփոփել են «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀԲՀՀ - 2016»միջազգային մրցույթի արդյունքները։ Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ մրցույթին մասնակցած 57 հայտերից հաղթող են ճանաչվել ՀՀ գիտական և կրթական տարբեր հատվածներից ներկայացված 19 հետազոտական թեմաներ (http://scs.am/am/db591d3ef9bb325603590370)։ Մրցույթում հաղթած ծրագրերի ցանկում է նաև մեր համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանի «Հայաստանի և Բելառուսի կառուցվածքային քաղաքականության համաձայնեցումը տնտեսության իրական հատվածի արդիականացման համատեքստում»թեմայով հետազոտական ծրագիրը։ ԿԳՆ ԳՊԿ նախագահի հրամանի համաձայն` մրցույթում հաղթող ճանաչված հետազոտական ծրագրերը մեկնարկելու են ս.թ.հունիսի 1-ից (http://scs.am/files/hraman-27a-17.05.2017.pdf)։
Ինչպես մեզ հայտնեց Ատոմ Մարգարյանը, բելառուսական կողմի հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Սերգեյ Սոլոդովնիկովի հետ գիտական համագործակցությունը սկսվել է դեռևս 2011թվականից: «Պրոֆեսոր Սոլոդովնիկովի ղեկավարած թիմերի հետ համատեղ հետազոտությունները ներառում են Հայաստանի և Բելառուսի տնտեսությունների տեխնոլոգիական և նորաստեղծական արդիականացման հիմնահարցերը ու այդ հենքի վրա երկու երկրների տնտեսական համակարգերի համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների ստեղծման, փոխանցման ու առևտրայնացման հիմնահարցերը։ Համատեքստը՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներն են, միևնույն ժամանակ՝ ինտեգրացիոն նոր կազմավորումից դուրս գտնվող երկրների և միությունների շուկաներում հայկական և բելառուսական բարձրտեխնոլոգիական արդյունքների առաջխաղացման հնարավորությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ իր հետազոտական խմբում ներառված են ՀՊՏՀ տարբեր ամբիոնների դասախոսներ և ասպիրանտներ։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին