«ASUE band»՝ ՀՊՏՀ նոր նվագախմբի գործունեության սկիզբը տրվեց «Ուսանողական գարուն» փառատոնի գալահամերգին

Դիտումների քանակ՝ 3280

ՀՊՏՀ «Ուսանողական գարուն-2017» մարզամշակութային փառատոնի եզրափակիչ  գալահամերգն այսօր մեծ դահլիճ էր բերել հարյուրավոր համալսարանականների:

Փառատոնի մշակութային մասը, որ բաղկացած էր երգ ու պարի մրցույթներից,  հագեցած էր հետաքրքիր ու անակնկալ ելույթներով (նշենք, որ այս տարի փառատոնի շրջանակում ՈւՀԱ մրցույթ չանցկացվեց): Մրցելույթներում, ինչպես միշտ, գերակշռող էր ազգային ու  ռազմահայրենասիրական թեման: Մեր հերոս տղաների հիշատակին, Արցախին, Հայաստանին ու  հայկական բանակին նվիրված երգերն առանձնակի ուշադրության ու ծափողջույնների  էին արժանանում:

Այսպիսով, երգի մրցույթում 1-ին տեղը զբաղեցրեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, 2-րդ և 3-րդ տեղերը, համապատասխանաբար զբաղեցրին  կառավարման ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետները:

Պարում լավագունը ճանաչվեց կառավարման ֆակուլտետը, մրցանակային եռյակը լրացրին ֆինանսական, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետները:

Հիշեցնենք, որ մարզական առաջնությունների արդյունքով առաջատար էր հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը, որը, մարզական ու մշակութային մրցույթների հանրագումարով ճանաչվեց գարնանային փառատոնի  «Լավագուն ֆակուլտետ» և կրկին արժանացավ հաղթական գավաթին: Մրցանակային տեղեր զբաղեցրած ֆակուլտետներին պատվոգիր և խորհրդանշական մրցանակներ հանձնեցին ՈւԽ փոխնախագահներ Հովհաննես Հարությունյանը և Գրիշա Ամիրխանյանը:

Գալահամերգի ընթացքում, բացի մրցելույթներից, հանդիսատեսի դատին ներկայացվեց ՀՊՏՀ նորաստեղծ «ASUE band». նվագախումբը, որտեղ համախմբվել են համալսարանի շնորհալի երաժիշտ-կատարողները, երգող ուսանողուհիները: Խմբի անդրանիկ ելույթն այսօր տեղի ունեցավ բուհի բակում՝ երկար դասամիջոցին: Իսկ փառատոնի համերգին նորաթուխ «ASUE band»-ը հանդես եկավ մի քանի ելույթներով. սաքսոֆոնի, քանոնի, կիթառի, ջութակի, հարվածային գործիքների նվագակցությամբ ու հեղինակային մոտեցմամբ հնչեցին  հանրահայտ հիթեր, կատարումներն արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին ու հավանությանը: «ASUE band» նվագախմբին կանդրադառնանք «Տնտեսագետի» առաջիկա համարում:

Հիշեցնենք՝ «Ուսանողական գարուն-2017»-ն անցկացվեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և համալսարանի ղեկավարության աջակցությամբ:

Շնորհավորում ենք փառատոնի հաղթողներին, մասնակիցներին ու կազմակերպիչներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին