Հոբելյան, նոր նշանակում և այլ հարցեր. տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 3551

ՀՊՏՀ նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի օրակարգային հարցերից առաջ խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ուսանողների անունից ՀՊՏՀ ռեկտորը շնորհավորեց բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դեցոնտ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հենզել Մկրտչյանի ծննդյան 70-ամյակը՝ հղելով ջերմ շնորհավորանքներ:

«Աշխատանքային կենսագրության 50 տարիների ընթացքում Դուք անցել եք հարուստ ճանապարհ՝ ինժեներ-տեխնոլոգից մինչև բաժնի վարիչ, արտադրականից ու հետազոտականից մինչև գիտամանկավարժական աշխատանք: 1984 թվականից, ավելի քան երեքուկես տասնամյակ, մեր համալսարանում եք և հետևողականորեն զբաղվում եք բարձրագույն մաթեմատիկայի, դրա կիրառության, տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելների հիմնահարցերով: Գիտաժողովներում, գիտական հանրույթի հետ աշխատանքային բազմապիսի հավաքներում, վերապատրաստման ծրագրերում կատարելագործել եք Ձեր մասնագիտական կարողություններն ու որակը, հանդես եկել արժեքավոր զեկուցումներով, որոնք այնուհետև հրապարակվել են և դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի, խնդիրների ժողովածուների հետ մեկտեղ ձևավորել են  Ձեր գիտահետազոտական աշխատանքների համահավաքը»,- նշեց Կորյուն Աթոյանը՝ հոբելյարին հանձնելով շնորհավորական ուղերձ: Համալսարանի ղեկավարը նկատեց, որ հոբելյարի մարդկային տեսակը հիացմունքի է արժանի, նա սիրված և հարգված գործընկեր է, մանկավարժ-գիտնական:

Հենզել Մկրտչյանն, արձագանքելով շնորհավորանքին, իր երախտագիտությունը հայտնեց ռեկտորատին և անձամբ ռեկտորին, նշեց, որ իր համար հաճելի էին ռեկտորատի և կոլեգաների գնահատանքի խոսքերը լսելը, ապա հավելեց. «Կարծում եմ, ես դեռ ունեմ բավականաչափ եռանդ՝ իմ փորձն ու գիտելիքները երիտասարդ սերնդին փոխանցելու համար»:

Այնուհետև Կորյուն Աթոյանը ռեկտորատին հայտնեց, որ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն ունի նոր դեկան: Այսուհետ ֆակուլտետը կղեկավարի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Մերի Բադալյանը: Ռեկտորը շնորհավորեց նրան և մաղթեց արդյունավետ գործունեություն:

Ռեկտորատի օրակարգային հարցերի շարքում զեկուցումներով հանդես եկան դեկանները՝ ներկայացնելով առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների գիտահետազոտական փորձառության և մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների վերահանձնումների արդյունքները:

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ՀՊՏՀ ռեկտորին ուղղված ուսանողների դիմումները, ուսման վարձերի վճարման գործընթացին վերաբերող և մի քանի այլ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին