Շարունակելով հաղթանակի ավանդույթը. ՀՊՏՀ ֆուտզալիստները կրկին նվաճել են չեմպիոնի կոչումը
ՀՀ բուհերի ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերի գարնանային փուլն ավարտվել է երեկ՝ ֆուտզալի տղաների առաջնությամբ: ՀՊՏՀ ֆուտզալի թիմը ևս մեկով համալրել է չեմպիոնական գավաթների շարքը. առաջնությանը մասնակից 10 համալսարանական թիմերի (ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀԱՊՀ, ՀՌՀ, ՎՊՀ, ՀԱԱՀ, ՀՖԿՍՊԻ, ՀԱՀ, ՃՇՀԱՀ, ԵՊԲՀ) մրցապայքարում մեր տղաները նվաճել են 1-ին հորիզոնականը:
«ՀՊՏՀ ֆուտզալիստները միշտ լավագույնս են աչքի ընկել տարբեր առաջնություններում: Թիմում կան խաղացողներ, ովքեր հանդես են գալիս ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնություններում, ունենք նաև նոր խաղացողներ (կրտսեր կուրսերից), ովքեր յուրացնում են հաջող փորձն ու դառնում դրա կրողը»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:
Նշենք, որ ՀՊՏՀ ֆուտզալի տղաների հավաքականի մարզիչը Կարեն Միքայելյանն է:
Ուրախությամբ ենք արձանագրում, որ 18-րդ հանրապետական մարզական խաղերի գարնանային փուլին ՀՊՏՀ ուսանող-մարզիկները հաջող մասնակցություն ունեցան: Առջևում աշնանային փուլի առաջնություններն են, որին ևս, մեր ուսանողները ակտիվ մասնակցություն կունենան:
Հանրապետական ուսանողական մարզական խաղերը ամեն տարի կազմակերպում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։
Շնորհավորում ենք մեր ֆուտզալիստներին և մաղթում, որ հաղթանակը նրանց մշտական ուղեկիցը լինի:
Լուսանկարը՝ ՀԵՀ պաշտոնական կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին