ՀՊՏՀ մարզիկները հաղթել են ձյուդոյի միջբուհական առաջնությունում. 1 ոսկե, 2 բրոնզե մեդալներ
ՀՀ բուհերի ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում մայիսի 7-ին տեղի է ունեցել ձյուդոյի առաջնությունը, որում 7 քաշային կարգերում մրցակցել են 9 բարձրագույն ուսումնական հաստատությունների (ՀՊՏՀ, ՀԱՊՀ, ՀԱԱՀ, ՀՖԿՍՊԻ, ՀՌՀ, ՀՖՀ, ՃԿՊԱ, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթա-գիտական ինստիտուտ, ԵՊԲՀ) 60 ուսանող-մարզիկներ։ Այս մասին տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, ով նաև մեր համալսարանի ձյուդոյի բաժանմունքի վարիչն է:
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանող Հարություն Աբրահամյանը 90 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 66 կգ և 81 կգ քաշային կարգերում համապատասխանաբար 3-րդ տեղն են զբաղեցրել ՀՊՏՀ ուսանողներ Անդրանիկ Մարգարյանը (Գյումրու մասնաճյուղ) և Դավիթ Մաթևոսյանը (կառավարման ֆակուլտետ):
Հավելենք, որ այսօր տեղի կունենան 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի տղաների առաջնության եզրափակիչ խաղերը, որոնցով և կամփոփվի մարզական խաղերի գարնանային փուլը (մարզական խաղերի առաջնությունները կշարունակվեն և կեզրափակվեն գալիք ուստարում, աշնանը):
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նոր հաջողություններ:
Լուսանկարները տրամադրել է Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին