ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը մասնակցել է Արցախում կազմակերպված տոնական միջոցառումներին

Դիտումների քանակ՝ 2123

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը երեկ Արցախում մասնակցել է մայիսյան Եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Ինչպես հայտնի է, երեկ համայն հայությունը նշում էր մեր ժողովրդի կյանքում աննախադեպ նշանակություն ունեցած իրադարձությունների հերթական տարեդարձերը: Արցախի Հանրապետությունում հատկապես օրը նշանավորվել է հայրենասիրական միջոցառումների իրականացմամբ՝ ևս մեկ անգամ նշանավորելով մեր ժողովրդի պատմական ձեռքբերումները:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղում կազմակերպված գրեթե բոլոր միջոցառումներին՝ ներկա գտնվելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված տոնական միջոցառմանը, դրան հաջորդած հանդիսավոր քայլերթին դեպի Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ապա՝ ծաղիկներ դրել Շուշիի Տանկ-հուշարձանի պատվանդանին: ՀՊՏՀ ռեկտորը նաև մասնակցել է Վազգեն Սարգսյանի արձանի մոտ նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու արարողությանը և Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում կազմակերպված տոնական համերգին:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հրավերը ստացել է Արցախի Հանրապետությունում տոնական միջոցառումների կազմակերպման կառավարական հանձնաժողովից:

ՀՊՏՀ ռեկտորը տպավորված է արցախյան այցից,  միջոցառումներից ու հանդիպումներից:  «Միջոցառումները կազմակերպված էին բարձր մակարդակով և ուրախալի էր տեսնել, թե ինչպես է պատերազմը հաղթած արցախցին նույն համառությամբ և լավատեսությամբ լծվել իր երկրի շենացման գործին: Եվ ես կարծում եմ, որ հայաստանյան յուրաքանչյուր կառույց իր լիազորությունների, իր գործառույթների շրջանակներում պետք է  կարողանա օգնել Արցախի պետությանը և ժողովրդին՝ պատերազմում ձեռք բերած հաղթանակը խաղաղ կյանքում կենսագործելու համար»,- նշեց Կորյուն Աթոյանը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն համագործակցության հուշագիր ունի Արցախի պետական համալսարանի հետ: Երկու համալսարանների համագործակցության հարցերը վերջերս՝ ապրիլի 28-ին, քննարկվել են նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ: Այս մասին մանրամասները կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ asue.am/am/մեդիա/նորություններ-143/հպտհ-ռեկտոր-կորյուն-աթոյանը-հանդիպել-է-արցախի-հանրապետության-նախագահ-բակո-սահակյանի-հետ-3002:

ՀՊՏՀ-ԱրՊՀ փոխգործակցության օրակարգում նոր ծրագրեր են, որոնց մասին կխոսենք հետագայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին