ՀՊՏՀ ուսանողներն այցելել են «Արմենիա Վայն» գինեգործարան
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության առաջին կուրսի ուսանողները երեկ ֆինանսներ ամբիոնի ասիստենտ Նարգիզ Սուղյանի նախաձեռնությամբ այցելել են Հայաստանի խաղողագործական շրջաններից մեկում՝ Արագածոտնում գտնվող «Արմենիա Վայն» գինու գործարան:
Մեր համալսարանի ուսանողները, էքսկուրսավարի (գիդի) ուղեկցությամբ, շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների միջոցով հումքի մշակումից մինչև պատրաստի գինու ստացման ամբողջ գործընթացին:
Դասախոս Նարգիզ Սուղյանի ներկայացմամբ, մեր ուսանողները հնարավորություն են ունեցել բացահայտելու հայկական ու ֆրանսիական խաղողի տեսակները, որոնք օգտագործվում են գինու արտադրության մեջ, ինչպես նաև տեղեկացել են, թե ինչ ճանապարհ է անցնում խաղողը մինչև գինի դառնալը: ՀՊՏՀ-ականները շրջայց են կատարել գինու մառաններում, ականատես եղել գինեգործի աշխատանքին:
Գինեգործարանը տեղակայված է Երևան քաղաքի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև: Սկսելով 2006 թ. խաղողի այգիների տնկումով՝ 2008 թ. ստեղծվել է գործարանը: Այսօր ընկերությունն իր մրցանակակիր գինիներով հայկական գինու արտահանման առաջատարն է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին