ՀՊՏՀ-ում էին ծանրամարտի երախտավորները. կայացավ «Ուսանողական գարուն-2017» փառատոնի հանդիսավոր բացումը

Դիտումների քանակ՝ 2541

Ապրիլի 25-ին մեկնարկած ամենամյա «Ուսանողական գարուն» մարզամշակութային փառատոնի  հանդիսավոր բացումն այսօր էր՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի,  ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի, ամբիոնի դասախոսական կազմի ներկայացուցիչների,  ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի, հատուկ հյուրեր՝ ԽՍՀՄ ծանրամարտի և «Բարեկամության խաղերի» չեմպիոն Համբարձում Շահինյանի, Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանի, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի, նրանց մարզիչ Աշոտ Փիլոսյանի և մարզասեր ուսանողների  մասնակցությամբ:

Միջոցառման մեկնարկն ազդարարվեց շքերթով. դահլիճ մտան մարզական առաջնությունների մասնակից 6 ֆակուլտետների մարզիկները, այնուհետև ՀՀ պետական օրհներգի ներքո բարձրացվեց հայոց եռագույնը:

Փառատոնի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը` նշելով, որ արդեն մի քանի օր է՝ համալսարանում իրարանցում ու խանդավառություն է, ուսանողները համախմբվել են ավանդական դարձած փառատոնի շուրջը:

«Իհարկե, առաջին հերթին, համալսարանները կոչված են բարձրագույն կրթություն տալու, բայց կարևոր են նաև մարզական ու մշակութային միջոցառումները:

Համալսարանում է ձևավորվում երկրի քաղաքացին ու այս նախաձեռնությունները հնարավորություն են ընձեռում կոփելու մարմինն ու հոգին: Բացի դրանից, սիրելի ուսանողներ, ձեզ հնարավորություն են տալիս հաստատելու նոր ծանոթություններ, ձեռք բերելու նոր ընկերներ»,-ասաց ռեկտորն ու փառատոնին հաջող ընթացք մաղթեց: Համալսարանի ղեկավարը, ի դեմս հյուրերի, նշեց, որ մարզադահլիճում են  հայ ծանրամարտի երախտավորներ:

Ելույթ ունեցավ Հովհաննես Գաբրիելյանը՝ ողջունելով ուսանողական խորհրդի նախաձեռնությունը և ուրախությամբ ընդգծելով, որ Տնտեսագիտական համալսարանում մարզական կյանքն աննախադեպ աշխույժ է: Նա արձանագրեց, որ ՀՊՏՀ ուսանողները հաջող մասնակցություն են ունենում ոչ միայն ներբուհական, այլև միջբուհական, հանրապետական մարզական առաջնություններում:

Ողջույնի խոսք ասաց ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը և ուսանողներին մաղթեց առողջ մրցակցություն:

Ելույթում ՈւԽ փոխնախագահ Հովհաննես Հարությունյանը փառատոնին հետաքրքիր ընթացք ու համառ մրցապայքար մաղթեց:

Հիշեցնենք, որ «Ուսանողական գարուն» մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Մարզական առաջնությունների և մշակութային մրցույթների  արդյունքների հանրագումարով կորոշվի հաղթող ֆակուլտետը:

Փառատոնը կամփոփվի մայիսի վերջին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին