Երկու հոբելյարի մեծարում՝ ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում
ՀՊՏՀ ռեկտորատի նիստում այսօր երկու հոբելյարների մեծարում էր. ապրիլին լրացել է ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ. Իշխան Խլղաթյանի և բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Աշոտ Միտոյանի ծննդյան 80-ամյակները:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն իր խոսքում ՀՊՏՀ երկու պրոֆեսորներին գնահատեց որպես բուհի վաստակաշատ դասախոսներ, որոնց ավանդն անգնահատելի է սերունդների կրթման, դաստիարակման գործում և որոնք հրաշալի մասնագետներ են և համալսարանի հարգարժան գիտնականներ: Ռեկտորը շնորհավորեց հոբելյարներին՝ ցանկանալով առողջություն, ընտանեկան բարօրություն և երիտասարդ սերնդին իրենց փորձը փոխանցելու և ուսանողներին կրթելու երկար տարիների հնարավորություն:
Պրոֆեսոր Իշխան Խլղաթյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՀՊՏՀ ռեկտորը մասնավորապես նշում է. «Խորին հարգանք, երախտագիտության մեծ զգացում ու հիացմունք է ծնվում Ձեզ ճանաչող յուրաքանչուր մարդու հոգում, քանի որ մասնագիտական բարձր որակները, մարդու ու մանկավարժի բնատուր հատկանիշները և անցած ճանապարհի ձեռքբերումները ամբողջացնում են Ձեր կերպարըª պրպտող ու ստեղծագործող, սկզբունքային ու անաչառ, միաժամանակª բարյացակամ ու մարդամոտ, անմիջական ու խաթրաշահ: Անգնահատելի է այն մեծ ավանդը, որ ունեք Դուք հայրենական գիտության զարգացման, սերունդների կրթության ու դաստիարակության գործում:
Ձեր գիտական մտքի արգասիքը մասնագիտական հարուստ նյութ է ծառայել ուսանողների ու ասպիրանտների, Ձեր գործընկերների համար. հեղինակ ու համահեղինակ եք բազմաթիվ մենագրությունների և ուսումնական ձեռնարկների, գիտական հոդվածների ու տեսական դրույթների, որոնցում արծարծել, հիմնավորել ու առաջարկել եք նոր գաղափարներ, նոր մտածելակերպ»:
Պրոֆեսոր Աշոտ Միտոյանին ուղղված խոսքում Կորյուն Աթոյանը շեշտում է. «Կիրառական մաթեմատիկական վիճակագրության, մաթեմատիկավիճակագրական մեթոդների վերլուծության և կանխատեսման բնագավառում Դուք առաջատար գիտնականներից մեկն եք, որի գիտական հետաքրքրությունների հիմնական ուղղությունը բազմաչափ վիճակագրության վերլուծության տեսական և գործնական կիրառումն է տնտեսագիտության մեջ, այդ թվում նաև մաթեմատիկական մոդելների մեխանիզմի կառուցումը մի շարք սոցիալ-տնտեսական երևույթների համար և դրանց օգտագործումը կառավարման և կանխատեսման խնդիրներում:
Կարևոր է ընդգծել, որ ստացված արդյունքները, սկսած 1969 թվականից, կիրառություն են ստացել տնտեսագիտության ոլորտում: Հարգելի հոբելյար, մենք քաջատեղյակ ենք, թե որքան ջանք ու հետևողականություն եք ներդրել մասնագիտական աճի ու նորանոր ձեռքբերումների հասնելու համար՝ գործուղումների մեկնելով ԱՄՆ, Ռուսաստան և այլ երկրներ»:
ՀՊՏՀ պրոֆեսորներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին համալսարանի ռեկտորին՝ նշելով, որ նման վերաբերմունքը խոսում է նրա մարդկային բարձր հատկանիշների մասին: Օրվա հերոսներին շնորհավորեցին և իրենց սրտի խոսքը հղեցին նաև պրոռեկտորներն ու ռեկտորատի մյուս անդամները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին