Նպաստելով ֆինանսական գրագիտությանը. բաց դասի հյուրն էր Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը
Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ Նորայր Սաֆարյանի հրավերով ֆինանսական ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և տնօրենի օգնական Ալմաստ Մուրադյանը, ովքեր ուսանողներին ներկայացրին հիմնադրամի գործունեությունը, առաքելությունը: Կարևորելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության դերը՝ տնօրենը շեշտադրեց՝ ՀՀ կենտրոնական բանկի հիմնադրած Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումը` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Բանախոսն անդրադարձավ հիմնադրամի գործառույթներին, կառուցվածքին և այլն: Հարցուպատասխանով հագեցած դասն անցավ ինտերակտիվ մթնոլորտում, քննարկվող հարցերի շուրջ ուսանողները հայտնեցին իրենց տեսակետները:
Մեզ հետ զրույցում դասախոս Նորայր Սաֆարյանն ասաց, որ ֆինանսական հատվածի ներկայացուցիչների բանախոսությունները հետաքրքրական են ուսանողների համար և հաղորդում են գործնական գիտելիք ու հմտություն:
«Տարբեր թեմայով մենք տալիս ենք ավելի շատ տեսական գիտելիք, իսկ գործնականը փորձում ենք լրացնել համապատասխան կառույցների մասնագետների միջոցով՝ բաց դասերով: Այս պարագայում, կարևոր է, որ ապագա բանկիրը, ֆինանսիստը իրազեկ լինի ավանդների հատուցումը երաշխավորող կառույցի գործունեութան մասին »,-նշեց դոցենտը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին