Մարզական ու մշակութային իրարանցում. մեկնարկել է «Ուսանողական գարուն-2017» փառատոնը
Առաջիկա մեկ ամսում ՀՊՏՀ ուսանողական կյանքում մարզական ու մշակութային հրավառություն է սպասվում. շախմատային առաջնությամբ այսօր մեկնարկեց «Ուսանողական գարուն-2017» մարզամշակութային փառատոնը: Միջոցառումն ամեն տարի համախմբում է ՀՊՏՀ շնորհալի ուսանողներին, ստեղծում մրցակցային առողջ դաշտ, ինքնադրսևորվելու բացառիկ հնարավորություն ընձեռում ու անակնկալներով հագեցած ժամանց խոստանում: Անցկացվում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և համալսարանի ղեկավարության աջակցությամբ:
Մարզական առաջնություններին հաջորդում են մշակութային մրցույթները և դրանց հանրագումարով որոշվում է փառատոնի հաղթողը: Այսօր մտքի խաղում ուժերը չափեցին բոլոր ֆակուլտետների շախմատասերները: Հաղթողներին շնորհավորեցին և պարգևները (մեդալ, պատվոգիր, 1-ին տեղը զբաղեցրածներին՝ խորհրդանշական արձանիկ) հանձնեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և նույն ամբիոնի դասախոս, առաջնության մրցավար Լյուդմիլա Հովհաննիսյանը : Այսպիսով, շախմատում առաջատարը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն է, 2-րդ տեղում տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, 3-րդում՝ կառավարմանը: Հաղթող թիմին պարգևատրեց ՀՊՏՀ ռեկռոր Կորյուն Աթոյանը, ում համոզմամբ՝ համալսարանի կյանքում առանցքային դերակատարում ունի սպորտն ու ֆիզդաստիարակությունը, ինչի զարգացմանն էլ միտված են սույն նախաձեռնությունները: «Այս պատճառով է, որ ես հնարավորության սահմաններում աջակցում եմ բուհում ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը միտված քայլերին և հպարտանում եմ, երբ մեր ուսանողները հաջողություններ են կերտում ոչ միայն համալսարանում, այլև դրա պատերից դուրս»,- ասաց ռեկտորը:
ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի փոխանցմամբ՝ փառատոնի հանդիսավոր բացման միջոցառումը նախատեսվում է մայիսի 3-ին:
Նշենք, որ մարզական առաջնություններն անցկացվում են ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի գործուն աջակցությամբ:
Շնորհավորում ենք հաղթողներին և «Ուսանողական գարուն-2017»-ին մաղթում հաջող ընթացք:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին