2017թ-ին նախանշված ծրագրերն իրագործվում են. ՀՊՏՀ-ում շարունակվում են արդիականացման աշխատանքները

Դիտումների քանակ՝ 2602

2016թ. տարեվերջին ՀՊՏՀ գիտական խորհրդի և խորհրդի նիստերում անցնող տարվա անելիքներն ամփոփող և 2017թ անելիքները նախանշող հաշվետվությամբ հանդես գալիս ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը 2017թ. օրակարգային ծրագրերի շարքում նշեց՝ կձեռնարկվեն նոր քայլեր ուսումնական գործընթացի բարելավման, տեխնիկական  վերազինման և համալսարանի արդիականացման ուղղությամբ:

Ուսումնական գործընթացի և կրթության որակի բարելավումը մեր համալսարանում հռչակված է որպես զարգացման գերակա ուղղություն. այս մասին ամրագրված է նաև համալսարանի 2016-2020 թթ.զարգացման ռազմավարական ծրագրում:

Կրթության որակի բարելավմանը միտված գործունեությունը մեր համալսարանում բազմաշերտ է՝ ձեռք են առնվում մի շարք միջոցներ՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Այս շարքում խոշոր քայլերից կարելի է առանձնացնել մեր համալսարանի մասնագիտությունների գծով արդիական կրթական ծրագրերի մշակումը՝ համապատասխան ժամանակակից պահանջներին: Այս բոլոր ծրագրերի հիմքում դրված են վերջնարդյունքները, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով բոլոր շահակիցների՝ գործատուների, շրջանավարտների, ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի պահանջներն ու կարիքները: Կրթական գործընթացում առանցքային է քննական ուղղությունը. այս գործընթացի բարելավման, այն հնարավորինս օբյեկտիվ և լավ կազմակերպելու համար այս տարեսկզբին քննություններում ներգրավվեցին արտաքին հսկիչներ:

Բոլորովին վերջերս ձեռք է բերվել համակարգչային քննությունների  հերթերի կառավարման համակարգ: Այն առաջին անգամ կիրառվեց ապրիլի 6-ին մեկնարկած 2016-2017 ուսումնական տարվա առկա բակալավրիատի 2-րդ և 3-րդ կուրսերի 2-րդ կիսամյակի միջանկյալ ստուգումների ժամանակ: Նոր համակարգի, այն է՝ ժամանակակից տերմինալների ներդրման շնորհիվ հնարավոր է դարձել ընդամենը 5 րոպեում միաժամանակ 5 քննասենյակում ապահովել մինչև 150 ուսանողների բաշխվածություն, ինչը շատ արագ կանոնակարգում է քննական ընթացքը։

Գործընթացի պատասխանատուների հավաստմամբ, համակարգի գործարկմամբ բարձրացել է քննությունների կազմակերպման արդյունավետությունը, քննական գործընթացը դարձել է անհամեմատ պատշաճ և հաջողվել է ոչ միայն խուսափել ուսանողների կուտակումներից, ավելորդ իրարանցումից, այլև  նվազագույնի հասցնել քննասենյակում միևնույն դասընթացից քննություն հանձնող ուսանողների թիվը:

Այս կիսամյակում համահամալսարանական դասընթացների թեստային շտեմարանները արդիականացվել են՝ համալրվելով նոր հարցերով և առաջադրանքներով:

Կրթական միջավայրը ևս որակյալ կրթության տրամադրման կարևոր բաղադրիչ է: Վերանորոգված և տեխնիկապես կահավորված (պրոյեկտորներ, էլեկտրոնային գրատախտակներ) մեր բուհի լսարաններում  «պակասում էր» միայն ժամանակակից լսարանային գույքը: Ինչպես և նախանշվել էր, օրերս ստացվել է ուսանողական լսարանային նոր գույքը, որով կահավորվում են մեր լսարանները: Հարմարավետ, պայուսակների կախիչներով, յուրաքանչյուր ուսանողի համար առանձնացված դարակներով ժամանակակից ուսանողական գույքը, հուսով ենք, ավելի հարմարավետ կդարձնի ուսումնառության միջավայրը:

Սկսվել է նաև լսարանների թվագրման աշխատանքը. այսուհետ բոլոր լսարանները կունենան իրենց համարները՝ ձևավորված ՀՊՏՀ բրենդային գույներով:

2017թ. ծրագրերի շարքում էր նաև ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճի համար գերհզոր պրոյեկտորի ձեռքբերումը: Վերջին  օրերին այս նախաձեռնությունը ևս կյանքի կոչվեց: «Panasonic» ընկերության գերժամանակակից կինոպրոէկցիոն էկրանով պրոյեկտորն արդեն տեղադրված է ՀՊՏՀ մեծ դահլիճում: Հարթ էկրանով, լուսատեխնիկական ֆունկցիոնալ բնութագրերով տեխնիկական սարքավորումը պրոֆեսիոնալ է և հնարավորություն կտա այսուհետ ավելի լավ կազմակերպել համալսարանական խոշոր միջոցառումները:

Սա օգտակար կլինի նաև գիտական նախաձեռնությունների դեպքում՝ հնարավորություն տալով մեր գիտնականներին գիտաժողովների և տարատեսակ այլ ծրագրերի ժամանակ տեսանելի ձևով մատուցելու ներկայացվելիք նյութը:

Չեն անտեսվել նաև անվտանգության ապահովման միջոցառումները, որոնք շարունակական են: Համալսարանի և համալսարանականների անվտանգության ամրապնդման նպատակով ՀՊՏՀ մասնաշենքերում ուժեղացվել է տեսահսկման համակարգը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին