Կրթական ծրագրի իրականացման համաձայնագիր՝ շվեյցարական համալսարանի հետ
Այսօր ՀՊՏՀ-ի և շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանների միջև կնքվեց կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրի իրականացման համաձայնագիր, ըստ որի՝ սկզբնական ծրագրերը ներառելու են գործարար կառավարման բակալավրիատ (BBA), գործարար կառավարման մագիստրատուրա (MBA) և/կամ գործնական մագիստրատուրա (Executive MBA):
Համաձայնագիրը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը և ՈՒՄԵՖ համալսարանի ռեկտոր Միքելե Ակերիբը:
ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանի տեղեկացմամբ, շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանը գտնվում է Ժնևում, առաջարկում է բակալավրական (BBA), մագիստրոսական (MBA), ասպիրանտական (Ph.D) և գործարար ասպիրանտական (DBA) ծրագրեր ֆրանսերենով և անգլերենով՝ Մենեջմենթի, գործարար կառավարման, քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտներում: Նրա խոսքով՝ համագործակցության արդյունքում ակնկալվում է.
- Մագիստրատուրայում սովորող բոլոր ուսանողները կստանան ՈՒՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ-ի կրկնակի դիպլոմներ:
- Մագիստրատուրայում սովորող ուսանողներին հնարավորություն կընձեռվի մեկ կամ երկու կիսամյակ ուսումը շարունակել Շվեյցարիայում, մասնավորապես՝ Ժնևի ՈՒՄԵՖ-ի կամպուսում:
- Բոլոր դասընթացները կդասավանդվեն անգլերեն լեզվով:
- Բոլոր դասընթացները կանցկացվեն Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլ երկրներից ժամանած պրոֆեսորադասախոսական կազմի կողմից:
Այս համագործակցության շրջանակներում ՈՒՄԵՖ համալսարանի ղեկավարությունը, Խորեն Մխիթարյանի խոսքով, վստահեցրել է, որ ՀՊՏՀ-ում սովորող ուսանողները կստանան նույն որակյալ կրթությունը, ինչը՝ Ժնևի ուսանողները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին