Աշխուժանում է ուսանող-գործատու կապը. ՀՊՏՀ-ում էին «Ինեկոբանկի» ներկայացուցիչները
«Ինեկոբանկ»-ն ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը և փնտրում է բանիմաց, եռանդուն ու մոտիվացված երիտասարդ աշխատակիցների: Այս կապակցությամբ, արդեն երկրորդ անգամ, մեր համալսարանում էին բանկի անձնակազմի հավաքագրման և ընտրության բաժնի ներկայացուցիչները, ովքեր տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ավարտական կուրսերի ուսանողներին ներկայացրին բանկի թափուր հաստիքներն ու աշխատանքի անցնելու հնարավորությունները: Բանկն ուսանողների համար մրցույթ է իրականացնում՝ լավագույններին ընտրելու և «Ինեկոթիմը» համալրելու նպատակով. նորավարտ ուսանողների համար կազմակերպվելու է վերապատրաստում, փոխանցվելու է գործնական գիտելիք, իսկ լավագույնները ստանալու են աշխատանքային առաջարկ:
Գործատուի հետ հանդիպումը կազմակերպել էր միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը`ամբիոնի ղեկավար Դիանա Գալոյանի նախաձեռնությամբ:
Անձնակազմի հավաքագրման և ընտրության բաժնի մասնագետներ Էլինա Ստեփանյանը և Թեհմինե Սարգսյանը հավաստիացրին, որ «Ինեկոբանկն» ապահովում է աշխատանքային լավագույն ու ժամանակակից պայմաններ ու խոստանում է կարիերայի արագ աճ: Նրանք տեսանյութ ներկայացրին, որտեղ բանկի լավագույն աշխատակիցները կիսվում են իրենց հաջող փորձով:
Գործատուն հավաքագրեց ուսանողների ինքնակենսագրականները:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ընթացքում (ֆինանսական ֆակուլտետում) բանկի անձնակազմի հավաքագրման և ընտրության բաժնի ղեկավար Աննա Դավթյանը նշել էր, որ «Ինեկոբանկի» աշխատակիցների ավելի քան 50 %-ը ՀՊՏՀ շրջանավարտ է:
Մեր ուսանողներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին