Բաց դաս՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին
ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն մասնագիտության 1-ին կուրսում «Հայոց լեզու» առարկայի դասն այսօր անցավ ջերմ մթնոլորտում: Ինտերակտիվ ձևաչափով դասաժամն ամրապնդեց «Ոճագիտություն» թեմայի վերաբերյալ ուսանողների գիտելիքները, սակայն բացի դա, ՀՊՏՀ-ականները կարևորեցին ապրիլի 7-ի խորհուրդը՝ Մայրության և գեղեցկության տոնի առիթով շնորհավորանքի և երախտիքի խոսք հղելով իրենց մայրերին: Միջոցառումը նախաձեռնել էր լեզուների ամբիոնի դասախոս Ռեմիկ Մալոյանը: Ներկա էին ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկանի տեղակալ Հարություն Թերզյանը և լեզուների ամբիոնի ղեկավար Սուսաննա Չալաբյանը:
Ուսանողներն առանձին-առանձին անդրադարձ կատարեցին լեզվական ոճերին՝ ընդգծելով դրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունը: Այնուհետև ասմունքեցին մորը նվիրված լավագույն բանաստեղծություններից, ինչպես օրինակ Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» սքանչելի ստեղծագործությունն է:
Միջոցառման ավարտին դասախոս Ռեմիկ Մալոյանը ուսանողներին նվիրեց իր հեղինակած «Լեզվի ժողովրդայնացման միջոցները և դրանց ոճական առանձնահատկությունները Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» ժողովածուում» գիրքը (լույս է տեսել 2016թ. դեկտեմբերին) :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին