Նոր նախաձեռնություն մակրոէկոնոմիկայի ամբիոնից. գիտական սեմինարների շարք

Դիտումների քանակ՝ 2047

ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնը հանդես է գալիս նոր գիտական նախաձեռնությամբ՝ համագործակցություն սկսելով պետական կառավարման մարմինների այն վարչությունների ու բաժինների հետ, որոնց մասնագիտական առնչություն ունի ամբիոնը: Նախատեսվում է տվյալ օղակների ղեկավարների, ներկայացուցիչների, առաջատար մասնագետների բանախոսությամբ անցկացնել գիտական սեմինարների շարք:

Մեկնարկն այսօր էր. մեր համալսարանում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, ով բանախոսեց «Ներդրումային քաղաքականության մեթոդական հիմնահարցեր» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին մակրոէկոնոմիկայի ամբիոնի  վարիչի պաշտոնակատար, տ.գ.թ., դոցենտ  Կարեն Գրիգորյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, մագիստանտներ: Ունկնդիրները հարցադրումներ ներկայացրին և ակտիվ քննարկում ծավալեցին թեմայի շուրջ: Քննարկվեց նաև մակրոէկոնոմիկայի ամբիոնի և ներդրումային քաղաքականության վարչության գիտական համագործակցության հեռանկարը:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Կարեն Գրիգորյանը՝ սեմինարի նպատակն էր նախարարությունում կիրառվող մեթոդաբանությանը խորությամբ ծանոթանալը: Նախատեսվում է այն ներառել ամբիոնի կողմից դասավանդվող առարկայական ծրագրերում: Ամփոփելով հանդիպումը՝ դոցենտը նշեց, որ Վահագն Լալայանի ներկայացրած մեթոդաբանական նյութը արժեքավոր և կիրառելի է համալսարանի ուսումնական գործընթացում: «Միաժամանակ, այս նախաձեռնությունը միտված է դասախոսների որակավորման բարձրացմանը»,-շեշտադրեց ամբիոնի ղեկավարը:

Նշենք, որ առաջիկայում կայանալիք սեմինարների մասին  կտրվի լրացուցիչ  տեղեկատվություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին