ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը Վալենսիայում մասնակցել է եռակողմ համաձայնագրի ստորագրմանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և ՃՇՀԱՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը «Էրազմուս +» -ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիայի մասնագիտական ոլորտների ուսումնական ծրագրերում» (HERITAG) ծրագրի շրջանակներում գործընկերային այցով գտնվում են Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա)։ Այցի նպատակը համալսարանների միջև համագործակցության խորացումն է կրթական, գիտական, հետազոտական, վերապատրաստման ոլորտներում։
Երեկ ստորագրվել է համագործակցության եռակողմ համաձայնագիր Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանների միջև, որը կնպաստի ուսանողների և պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի փոխանակմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը։ Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ մագիստրոսական ծրագիր «Նախագծերի կառավարում» մասնագիտացմամբ և կրկնակի դիպլոմի շնորհմամբ։
Հայկական պատվիրակությունը նաև հանդիպել է Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի տարբեր ֆակուլտետների, դպրոցների և կենտրոնների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համալսարանների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները։
Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի մասին տեղեկացեք հետևյալ հղումով՝ upv.es, իսկ HERITAG ծրագրի մասին՝ heritag.am/:
Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքը ներկայացնում է այցի մասին հետևյալ ռեպորտաժը՝ upv.es/rtv/tv/actualidad-en-la-upv/58353:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին