Մագիստրատուրայի ընդունելություն՝ ՀՊՏՀ և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի համատեղ կրթական ծրագրով

Դիտումների քանակ՝ 1980

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  և շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի միջև 2017թ. ապրիլի 12-ին կնքված կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրի իրականացման համաձայնագրի շրջանակներում  հայտարարվում է 2017-2018 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն` հետևյալ կրթական ծրագրերով.

  1. Գործարար կառավարման մագիստրատուրա (MBA)
  2. Գործադիր կառավարման մագիստրատուրա (Executive MBA):

Դասընթացները, որոնք անգլերեն են,  վարելու է Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանա­դայից և այլ երկրներից ժամանած պրոֆեսորադասախոսական կազմը:

Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան ՈՒՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ կրկնակի դիպլոմներ:

Ինչպես տեղեկացնում են ն ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից, բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին ՈՒՄԵՖ համալսարանը հնարավորություն կընձեռի ՀՊՏՀ համատեղ ծրագրի շրջա­նակներում գործող վարձաչափերով  մեկ կամ մի քանի կիսամյակ  սովորել Ժնևի կամպուսում: Ուսանողները հոգալու են վիզաների ստացման, հանրակացարանի և այլ ծախսերը, ՈՒՄԵՖ-ը  պարտավորվելու է   այդ գործընթացում աջակցել նրանց:

2 տարվա վարձավճարը 9800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, յուրաքանչյուր տարվա համար՝ 4900 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:  Միաժամանակ, ՈՒՄԵՖ համալսարանը առաջարկում է վարձավճարների ամբողջական կամ մաս­նակի փոխհատուցման համակարգ:

Դիմորդները պարտավոր են հաղթահարել ընդունելության քննությունները, որոնք կկազմակերպվեն գրավոր և բանավոր հիմունքներով: Անգլերեն լեզվով քննությունների անցկացման նպատակն է գնահատել դիմորդների ընդհանուր գիտելիք­ները, անգլերենի իմացությունը և ղեկավարման ունակությունները: Եռաժամ բանավոր և գրավոր քննությունները կազմակերպում են ՀՊՏՀ-ն և ՈՒՄԵՖ համալսարանը  համատեղ:

Հարցազրույցը թեկնածուների համար ընդունելության պարտադիր պայման է: Երևանից դուրս գտնվող դիմորդների համար հարցազրույցը կկազմակերպվի «Սկայպ» գործառնական ծրագրով: Դիմորդները պարտավոր են լրացնել ընդունելության թեր­թիկները և ունենալ  պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Կորպորատիվ պայմանագրի առկայության դեպքում համալսարանը պարտավորվում է փոխհատուցել ուսման վարձի 50%-ը:

Դիմորդը նախնական ընդունելության քննությանը մասնակցելու նպատակով պարտավոր է վճարել 50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ անկախ քննության արդյունքներից:

Ընտրված դիմորդները պետք է անցնեն նաև հարցազրույց՝ որպես ընդունելության ընթացակարգի բաղկացուցիչ մաս:

Մագիստրոսական ծրագրով ընդունվել ցանկացող դիմորդները պարտավոր են ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. ավարտական փաստաթղթի՝ դպրոցի ատեստատ կամ բակալավրի դիպլոմի պատճեն
  2. դիպլոմի միջուկը
  3. դիմորդի լրացված հայտը
  4. անձնական թերթիկ
  5. անձնագրի պատճեն
  6. 3 լուսանկար
  7. մոտիվացիոն նամակ:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով, իսկ թարգմանված փաստաթղթերը պետք է վավերացվեն նոտարի կողմից:

Փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում գործերը չեն ընդունվի:

Ուսման վարձերի և կրթաթոշակների չափերը կախված են դիմորդի նախնա­կան ընդունելության քննության արդյունքներից, մասնավորապես՝

85 և ավելի միավոր ստացած ուսանողները ստանում են 100% կրթաթոշակ:

70-84 միավոր ստացած ուսանողները ստանում են 70%-ով վարձավճարները փոխհատուցող կրթաթոշակ:

60-69 միավոր ստացած ուսանողները  ստանում են 50%-ով վարձավճարները փոխհատուցող կրթաթոշակ:

50-59 միավոր ստացած ուսանողները  կրթաթոշակ չեն ստանում:

50 միավորից ցածր ստացած ուսանողները չեն ընդունվում:

Քննության օրն է՝ 2018թ. փետրվարի 26-ը

Ծրագիրը կսկսվի 2018թ. մարտի 13-ից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժին (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 320 սենյակ, հեռ. (010) 593-426, (099) 581-474:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին