Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 2304

ՀՊՏՀ նիստերի սրահում ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի նախագահությամբ այսօր կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը: ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը զեկուցեց 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների և խնդիրների մասին՝ մանրամասն ներկայացնելով առաջադիմության արդյունքները և առկա հիմնախնդիրները: Մասնավորապես շեշտվեց, որ առկա ուսուցման բակալավրիատի ուսանողների ուսման առաջադիմությունը քննաշրջանից հետո կազմել է 73,2 տոկոս, ընդ որում՝ ամենաբարձր առաջադիմությունն արձանագրվել է ֆինանսական ֆակուլտետում, առկա մագիստրատուրայում կազմել է 72,9 տոկոս, հեռակա մագիստրատուրայում՝ 53,7 տոկոս, հեռակա բակալավրիատի 1-4-րդ կուրսերում՝ 29,6 տոկոս: Գիտխորհուրդն արձանագրեց կատարված աշխատանքները և գնահատեց բավարար՝ ընդունելով որոշում՝  ռեկտորատին, դեկաններին և ամբիոնների վարիչներին պատվիրակելով բարելավմանն ուղղված հանձնարարականներ:

ՈՒԳԸ խորհրդի հաշվետվությունը ներկայացրեց ՈՒԳԸ խորհրդի նախագահ Հարություն Արզումանյանը՝ նշելով, որ 2016թ. կայացել է ՈՒԳԸ 37-րդ նստաշրջանի առաջին ֆակուլտետային փուլը, երկրորդը նախատեսվում է անցկացնել այս ապրիլին: Գիտխորհուրդը ՈՒԳԸ աշխատանքները գնահատեց բավարար, սակայն հանձնարարականներ հնչեցրեց՝ աշխատանքներն ավելի աշխուժացնելու և որակը բարելավելու համար: Ռեկտոր Կորյուն Աթոյանը շեշտեց, որ ՈՒԳԸ կատարած աշխատանքը իրեն չի բավարարում և կարևոր է, որ գիտության և ասպիրանտուրայի բաժինը ևս իր ներդրումն ունենա այս հարցում:

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը գիտխորհրդի քննարկմանը ներկայացրեց մի շարք կարգեր և ընթացակարգեր, որոնց մի մասն ընդունվեց, մյուս մասը որոշվեց լրացուցիչ քննարկել: Գիտխորհուրդը հաստատեց ատենախոսությունների թեմաներ և հրատարակության երաշխավորեց տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանի ընդհանուր խմբագրությամբ «Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ», ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Սիրանույշ Հարությունյանի «Արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության հիմնահարցեր» ուսումնական ձեռնարկները և ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոսների «Հաշվապահական հաշվառում. թեստերի և խնդիրների  ժողովածուն»:

Գիտական խորհուրդը նաև հաստատեց «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի միջազգային խմբագրական խորհրդի կազմը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին