ՀՊՏՀ-ն հյուրընկալեց դպրոցականներին. դիմորդները տպավորված են համալսարանից

Դիտումների քանակ՝ 3592

Հետաքրքրված հայացքներ, բացահայտումներ ու մի շարք հարցերի պատասխաններ. ՀՊՏՀ-դպրոցներ համագործակցության ծրագրի շրջանակում այսօր մեր համալսարանը հյուրընկալեց Երևանի և հարակից մարզերի մի շարք դպրոցների ավագ դասարանների աշակերտների, այդ թվում՝ այս տարվա դիմորդների, ուսուցիչների և ծնողների: Սա  հերթական տեղեկատվական հանդիպումն էր և ուշագրավ էր նրանով, որ դիմորդներն առաջին անգամ էին ծանոթանում իրենց հետաքրքրող բուհին՝ տնտեսագիտական մայր համալսարանին: Մեծ դահլիճում նրանց ընդունեցին ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ծրագրի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, վերջին տարիներին ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Լուսինե Կարագուլյանը՝ ներկայացնելով հանդիպման օրակարգը: Բուհի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից ներկաներին ողջունեց պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ նշելով, որ օրը հիշարժան է, քանի որ հյուրերն ապագա ուսանողներն են, մեր երկրի ապագան կերտողները: Պրոռեկտորը համակողմանի ներկայացրեց ՀՊՏՀ-ն՝ ֆակուլտետներ, մասնագիտություններ, առկա և հեռակա կրթաձևերում ուսման տևողություն, վարձավճարներ, «Ամբերդ» հետազոտական կենտրոն, տեխնիկական հագեցում, ՀՊՏՀ քոլեջ և այլն: Միհրդատ Հարությունյանն առանձնահատուկ շեշտադրեց  ուսման վարձերի փոխհատուցման կարգը:

Մերի Բադալյանը պարզաբանեց դիմորդներին թերևս ամենաշատը հետաքրքրող  ընդունելության կարգը՝ խոսելով ընդունելության քննությունների մասին: Այս տարվա ընդունելության քննությունների մասին մանրամասներ կարդացեք նշված հղումով՝  http://media.asue.am/upload/dimord_2016/admission_document.pdf:

Ողջույնի խոսք ասացին Թաթուլ Մկրտչյանն ու բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Ռազմիկ Պետրոսյանը՝ դիտարկումներ ներկայացնելով այն մասին, թե ինչու ընտրել Տնտեսագիտական համալսարանը: Դեկան Թաթուլ Մկրտչյանը կարևորեց մասնագիտության գիտակցված ընտրությունը՝ նշելով, որ այն ճակատագրական է մարդու ամբողջ կյանքի համար, ապա հորդորեց՝ ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ուսումնառության ընթացքը ճիշտ օգտագործեք, որովհետև աշխատանքային կարիերայի ճանապարհին ժամանակը ավելի սուղ է դառնում:

ՀՊՏՀ քոլեջի մասին պատմեց փոխտնօրեն Ռուբեն Առաքելյանը՝ շեշտելով, որ ՀՊՏՀ-ի կազմում քոլեջը թևակոխել է ժամանակակից կրթության համար անհրաժեշտ բարեփոխումների փուլ:

Ուսանողական կառույցի գործունեությունը ներկայացրեց ՈւԽ նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Հանդիպման 2-րդ հատվածում դպրոցականները շրջայց կատարեցին բուհում՝ ծանոթանալով մասնաշենքերին, լսարաններին, գրադարանին, մարզադահլիճներին, ուսանողական խորհրդին:

Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Միշա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հետաքրքրված է բանկային գործ մասնագիտությամբ, ուզում է ուսանել ՀՊՏՀ-ում, ուստի բուհին վերաբերող տեղեկատվական հանդիպումներն իրեն հետաքրքրում են, իսկ այսօր համալսարանում գտնվելու բացառիկ հնարավորություն է ընձեռված:

Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 169 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Իգոր Նիգոյանն էլ հետաքրքրված է ՀՊՏՀ քոլեջով և նախատեսում է այս տարի դառնալ նրա սանը, ապա ուսումը շարունակել Տնտեսագիտական  համալսարանում:

Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին