Ինչո՞ւ է կաղում ապրանքային շուկաների վերահսկողությունը. սպառողների իրավունքների պաշտպանությունը՝ ապագա ապրանքագետների տեսահորիզոնում

Դիտումների քանակ՝ 2659

Համակարգ,  որում պետական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող գործողությունները միտված են սպառողի  և տնտեսավարող սուբյեկտի միջև իրավահարաբերությունների կարգավորմանը. խոսքը սպառողների իրավունքների պաշտպանության մասին է: Մարտի 15-ը նշվում  է որպես  Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Ապրանքագետ ուսանողների համար մասնագիտական այսօրվա տոնը նշանավորվեց  միջոցառմամբ, որում մասնագետների հետ  քննարկվեցին պարենային և ոչ պարենային ապրանքների շուկաների  վերահսկողության հետ կապված խոցելի հարցերը, սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող  առկա  խնդիրները: ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի հրավերով այսօր մեր համալսարանում էին Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը և նույն կազմակերպության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Աննա Նահապետյանը: Ներկա էին դասախոսներ, 2-3-րդ կուրսերի ուսանողներ:

Թերևս, սա այն քննարկումներից էր, որտեղ  հարցեր ունեին բոլոր մասնակիցները, որովհետև սպառող ենք բոլորս, իսկ ապագա ապրանքագետների համար հետաքրքրությունը  կրկնակի էր:

Աննա Նահապետյանը բանաձևեց «սպառող» կարգավիճակն ու թվարկեց նրա հիմնական  իրավունքները՝ տեղեկացված լինելու, անվտանգության, ընտրության, լսելի լինելու, վնասի փոխհատուցման և սպառողական ոլորտում կրթություն ստանալու, հիմնական պահանջմունքների  բավարարման, առողջ շրջակա միջավայր ունենալու  իրավունք: Այնուհետև անդրադարձավ Սպառողների միջազգային ասոցիացիայի ստեղծման պատմությանը, Հայաստանի՝ դրան  անդամակցությանը, առաքելությանն ու գործունեության հիմնական ուղղություններին: Միջազգային ասոցիացիան, ժամանակին համընթաց, գործում է կոնկրետ կարգախոսի ներքո: Ուշագրավ է, որ այս տարի որդեգրել է «Սպառողների պաշտպանությունը թվային աշխարհում» կարգախոսը:  Միլետա Արիստակեսյանը հանգամանալից պատասխանեց ուսանողների հարցերին: Արծարծվեց  նախորդ տարի ակտիվորեն շրջանառվող միկրոտարրերով ալյուրի հարստացման հարցը. «Եթե գիտեին, որ դա կարող է վնաս հասցնել առողջությանը, ինչո՞ւ էր քննարկվում»,-ասաց ուսանողը, ինչին ի պատասխան, փոխնախագահը նշեց, որ համակողմանիորեն դիտարկելուց հետո եկել են այն եզրահանգմանը, որ Հայաստանը, հայ ժողովրդը չունի  այդ տարրերի կարիքը: Սա պայմանավորված է ժողովրդի  գենետիկ առանձնահատկությամբ, ինչպես նաև մեր երկրի հողային շերտի հարուստ կազմով: Իսկ օրինակ, երկրներ կան, որտեղ հարստացված ալյուրի կիրառումը խորհուրդ է տրվում:

«Ի վերջո,-ասաց տիկին Արիստակեսյանը,-այստեղ սպառողի ուժը հաղթեց, ալյուրը հարստացնելու հարցը  չմտավ Ազգային ժողով»:

Բնականաբար, հարցերը չէին դադարում, քննարկվում էին մանկական սննդի շուկայում առկա թերացումները, պարենային ապրանքների ժամկետների հետ կապված, դրանց պահպանումը երկարացնելու նպատակով կիրառվող նյութերի  անվտանգ լինել-չլինելու հարցերը, չլիցենզավորված ոչ պարենային ապրանքների վաճառքը, կեղծումները և այլն:

Բանախոսների խոսքով՝ առաջին հերթին, սպառողն ինքը պետք է իրազեկ լինի և խուսափի անորակ ու վտանգավոր ապրանքներ (ծառայություններ) գնելուց ու կիրառելուց: Ի վերջո, պահանջատեր սպառողն է ձևավորում որակյալ ու անվտանգ շուկաներ:

Շեշտադրվեց՝ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով գործում է Սպառողների ազգային ասոցիացիայի armconsumer.am կայքը, ֆեյսբուքյան էջը, թողարկվում է «Սպառող» եռամսյա ամսագիրը (անվճար):

Մեզ հետ զրույցում ամբիոնի ասիստենտ Արմենուհի Հովհաննիսյանն ասաց, որ ուսանողները 2-րդ կուրսում ուսումնասիրում են «Սպառողների իրավունքներ» դասընթացը և ստացած գիտելիքներն, անշուշտ, ամրապնդում և մասնագիտության մեջ հմտանում են  նաև այսպիսի միջոցառումներին մասնակցելով:

Սիրելի' սպառողներ, եղեք տեղեկացված, պահանջատեր և կարողացեք տեր կանգնել ձեր իրավունքներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին