Նոր «Տնտեսագետը»՝ ձեր սեղանին. ուսանողները ամսագիրը կարող են ստանալ նաև գրադարանից

Դիտումների քանակ՝ 2326

«Տնտեսագետն» այս անգամ սկսվում է ՀՊՏՀ խորհրդի և գիտական խորհրդի նիստերի լուսաբանմամբ, որում արտացոլվում են անցած տարիների ձեռքբերումները, ապագային միտված ծրագրերը:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ անդրադարձ կա մեր համալսարանում ուսանող, զինվորական ծառաայությունը պատվով անցած երկու երիտասարդի՝ Հարություն Բադալյանին և Վարդան Մամիկոնյանին:

Սիրելի ընթերցո՛ղ, այս համարից սկսած՝ «Տնտեսագետը» «Մշտադիտարկում» խորագրի ներքո ձեզ կներկայացնի նախորդող ամիսներին ՀՀ ֆինանսական շուկայում կատարված գործառնությունների վերլուծությունը: Խորագիրը վարում է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագիտական խորհրդի անդամ, դոցենտ Էդգար Աղաբեկյանը:

Հունվար-փետրվարը քննական ժամանակաշրջան էր բուհում. այս մասին է պատմում լուսանկարային ռեպորտաժը:

Ֆինանսներ մասնագիտության ավարտական կուրսի ուսանող Վահագն Հարությունյանի հոդվածը ֆինանսական համակարգի նոր երևույթի՝ վիրտուալ արժույթի մասին է:

«Տնտեսագետը» շնորհավորում է ՀՊՏՀ վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանի 60-ամյակը:

Այս համարում Լիանա Իսայանը շարունակում է ներկայացնել հայազգի նշանավոր տնտեսագետներին:

«Պարույր Հայկազն» երիտասարդ ճարտասանների մրցույթում, ինչպես միշտ, ի հայտ են գալիս շնորհաշատ ուսանողներ: Հերթական մրցույթի հաղթողը՝ Մերի Ստեփանյանը, անդրադառնում է արտագաղթին:

Կրկին բազմազան ու հետաքրքրական է դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարը»:

Հետազոտական աշխատանքների 2 շնորհանդեսներ ներկայացված են մեկ ռեպորտաժում. առանցքում ուսանող-դասախոս արդյունավետ համագործակցությունն է:

ՀՊՏՀ ՈՒԽ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները «Մեր հոգևոր հայրենիքում պատերազմ է» հոդվածում, «Վարքուբարք» խորագրի ներքո, իրենց մտահոգությունն են արտահայտում անճաշակ ու օտար երաժշտության՝ ռաբիսի  տարածման ու քարոզման առիթով:

«Համաշխարհային բրենդ» խորագիրը ներկայացնում է հայանուն «Ալեն Մանուկյան» բրենդը: «Լրահոս»-ը, ինչպես միշտ, խտացված ամփոփում է համալսարանի կարևոր իրադարձությունները: «Ամենակարևորի մասին» խորագիրը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա  ֆիզդաստիարակության և  սպորտի ազդեցության մասին է:

Ամսագրում անդրադարձ կա վերակառուցված և վերաբացված ՀՊՏՀ պաշտոնական կայքին, ՀՊՏՀ-Չինաստանի Շենսիի մանկավարժական համալսարան նոր համագործակցությանը, համալսարանի վերջին մարզական իրադարձությանը՝ «Դասախոսական գավաթ – 2017»-ին:

«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը ներկայացնում է հայկական ճարտարապետության հրաշակոթողներից մեկը՝ Դադիվանքը:

Սիրելի ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ ամսագրի օրինակներ կարող եք ձեռք բերել ոչ միայն դեկանատներում, այլև գրադարանում, որտեղ հատուկ ձեզ համար կդրվեն ամսագրի օրինակներ: Կրկին հիշեցնում ենք՝ «Տնտեսագետը» առաքվում է անվճար:

Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։

Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝ հետևյալ հղումով:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին