Դասախոսն առաջին հերթին գիտնական է, ապա նոր մանկավարժ. գիտական սեմինար կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնում
ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի նախաձեռնությամբ «Բիզնեսի արժեքը որպես գործարարության նպատակ» թեմայով գիտական սեմինարն այսօր համախմբել էր մեր բուհի գիտնականներին և ուսանողներին: Ներկա էին ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ղեկավար Միքայել Մարդումյանը: Վերջինս միջոցառման մեկնարկին նշեց, որ այդպիսով ամբիոնը ձեռնամուխ է լինում նոր ավանդույթի ձևավորման. ամբիոնի դասախոսները այսուհետ հանդես կգան իրենց ուսումնասիրությունների ոլորտի առանձին թեմայով դասախոսությամբ, որով կարծարծեն արդիական, հրատապ ու նորաստեղծական գաղափարներ: Նման միջոցառումները բարենպաստ միջավայր կծառայեն գիտական մթնոլորտի կայացման, մտքերի փոխանակության, քննարկումների:
Հիշեցնենք՝ մագիստրանտների մասնակցությամբ նման սեմինարներն ու շնորհանդեսները արդեն լավ ավանդույթ են դարձել:
Այսօրվա բանախոսն էր կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արթուր Եղիազարյանը: Նա իր ելույթն սկսեց, ինչպես ինքը ձևակերպեց, ամբիոնի համար առանցքային այն հիմնադրույթով, որ դասախոսն առաջին հերթին գիտնական է, ապա նոր մանկավարժ:
«Բիզնեսի արժեքը որպես գործարարության նպատակ» թեմայի շրջանակներում Արթուր Եղիազարյանն անդրադարձավ շահույթի ստացման, շահույթի մաքսիմալացման հիմնախնդրին, ներկայացրեց մոդելը, անհրաժեշտ և բավարար պայմանները, որի հիմքի վրա այնուհետև կառուցվում են բիզնեսի ոլորտի կրթության և մասնագիտացման հիմնական խնդիրները և լուծումները: Ըստ բանախոսի՝ բիզնեսի արժեքը գործարարության առաջնային շարժառիթներից մեկն է և բիզնեսի արդյունքների կանխատեսման մեջ անհրաժեշտ է ներդնել ֆունկցիաներով սցենարային կանխատեսման մեթոդաբանություն:
Ինչպես և սեմինարի ձևաչափն է ենթադրում, բանախոսն իր առաջադրած տեսակետները քննարկեց ամբիոնի գործընկերների և ուսանողների հետ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին