Եղիշե Չարենց. մի բարձր ու վսեմ անուն

Դիտումների քանակ՝ 2630

Ինչ լավ է՝ վառվում է ու վառվում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվիր ու գնա՛:

Մոխրացի՛ր արևի հրում,

Արևից թող ոչինչ չմնա,-

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛:

(Հատված՝ «Ութնյակներ արևին»-ից)

1897 թվականի մարտի 13-ին է ծնվել  հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը:  Իր հեղինակած այս տողերին հավատարիմ՝ նա իր երկրային ու ստեղծագործական կյանքն ապրել է արևի պես՝ ջերմություն տալով, ցոլալով ու շողարձակելով, մինչև անգամ մոխրանալով և սերուդներին ու գալիքին թողնելով մի բարձր ու վսեմ անուն:

120 տարի անց նա մեր ժամանակակիցն է, նրա պոեզիան ու արձակը լի է երիտասարդական ավյունով, խենթությամբ ու առնականությամբ, միաժամանակ՝ թարնձրացած կարոտով ու սիրով:

Վերընթերցե՛ք Չարենց: Այն հարստացնում ու բարձրացնում է մարդու հոգին՝ նրան վերադարձնելով հույզեր, հույսեր, ձգտումներ ու մեծ ՍԵՐ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին