Դիմորդները շարունակում են ծանոթանալ տնտեսագիտական մայր բուհին

Դիտումների քանակ՝ 2898

Բուհերի դիմորդների հայտագրման գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ ավարտական դասարանների աշակերտները շարունակում են տեղեկություններ որոնել մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին: ՀՊՏՀ ներկայացուցիչները, դպրոցների հետ համագործակցության ծրագրի շրջանակում, տեղեկատվական ձևաչափի հանդիպումներ են  կազմակերպում  դիմորդների  համար. հերթական այցով  ծրագրի ղեկավար, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ  Կարմեն Գրիգորյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ  Նարինե Խալաթյանը, 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Մավյանը  եղել են Երևանի  Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 դպրոցում (Հաղթանակ թաղամաս):

Համալսարանականներին դիմավորել է ուսմասվար Սուսաննա Խալաթյանը:

Ավագ դասարանի աշակերտների հետ հանդիպման ընթացքում դասախոսները նրանց ուշադրությանն են ներկայացրել ՀՊՏՀ մասնագիտություններին, վարձավճարներին, սոցիալական ծրագրերին և ուսանողական կյանքին վերաբերող մանրամասներ, այնուհետև ցուցադրվել է բուհի մասին պատմող տեսանյութ: Ուսանողուհի Անի Մավյանը խոսել է իր՝ զբոսաշրջության կառավարում մասնագիտության մասին: Դիմորդներին տրամադրվել են «Տնտեսագետ» ամսագրեր և տեղեկատվական գրքույկներ:

Հանդիպման ավարտին դպրոց-համալսարան համագործակցությունը վավերացվել է  հուշագրում:  «Շատ աշակերտներ կային, որ տնտեսագիտական կրթություն էին ուզում ստանալ, բայց բուհի ընտրության հարցում չէին կողմնորոշվել: Հանդիպման ավարտին նրանք ասացին, որ հենց ՀՊՏՀ են դիմելու», - լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Լուսինե Կարագուլյանը և հավելեց, որ այս ամիս մեր համալսարանում հյուրընկալվելու են նշված դպրոցի աշակերտները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին