Ուսանողները հարգանքի տուրք են մատուցել զոհված կին ազատամարտիկների հիշատակին

Դիտումների քանակ՝ 2115

Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՊՏՀ ուսխորհրդականները երեկ այցելել են «Եռաբլուր» փառքի պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհված կին ազատամարտիկների հիշատակին: Ծաղիկներ խոնարհելով  ազատամարտիկների շիրիմներին՝ համալսարանականները վերհիշել են նրանց անգնահատելի սխրանքները: Այս մասին տեղեկացնում է ՈւԽ կայքը:

Այնուհետև ուսանողներն այցելել են սպարապետ Վազգեն Սարգսյանի և քառօրյա պատերազմում  զոհված հերոսների շիրիմներին:

Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշել է, որ միջոցառումը 2 նպատակ ունի. Մարտի 8-ը մեր կին ազատամարտիկների՝ այն մայրերի ու քույրերի տոնն է, ովքեր կոտրելով կնոջ՝ թույլ էակ լինելու մասին բոլոր կարծրատիպերը, հայրենիքի համար օրհասական պահին ապացուցել են, որ հայրենի հողի պաշտպանը պետք է լինենք բոլորս՝  կին թե տղամարդ:

«Այս միջոցառմամբ նաև մեր հարգանքն ու խոնարհումն ենք ուղղում այն բոլոր առյուծածին մայրերին, ում որդիները երբեք տուն չեն վերադառնալու և չեն շնորհավորելու իրենց մայրերին այս տոնի առթիվ»,- ասել է ուսանողական կառույցի ղեկավարը:

Լուսանկարները՝ ՈւԽ կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին