Մարզիկ, ով միշտ բարձր է պահում Հայաստանի պատիվը. ՀՊՏՀ ուսանող Լևոն Աղասյանը՝ ատլետիկայի միջազգային առաջնության չեմպիոն

09.03.2017
Դիտումների քանակ՝ 2840

Հայաստանի բազմակի չեմպիոն, Հայաստանի ռեկորդակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր, Բալկանյան երկրների եռակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Օլիմպիական խաղերի մասնակից. ատլետ (եռացատկորդ) Լևոն Աղասյանն է՝ ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի (հեռակա, մարքեթինգ մասնագիտության) ուսանող: Հերթական մարզական նվաճումն  արձանագրել է 2017թ. փետրվարի 25-ին Սերբիայի Բելգրադ քաղաքում անցկացված Բալկանյան երկրների ատլետիկայի  ձմեռային 22-րդ առաջնությունում՝ եռացատկ մարզաձևում նվաճելով չեմպիոնի կոչումը (մասնակցել են 16 երկրի 266 ատլետ-ատլետուհիներ):

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, տեղեկանալով մեր ուսանողի հաջողության մասին, շնորհավորեց մարզիկին, զրուցեց մարզական հաջողությունների, ուսման,  նախասիրությունների, առաջիկա անելիքների մասին:

Լևոնը Սյունիքի մարզի Կապան քաղաքից է, պրոֆեսիոնալ ատլետիկայով զբաղվում է 10 տարեկանից: Անհատական մարզիչը Կապանի բնակիչ, վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանն է: 2012թ. ընդունվել է  ՀՊՏՀ, 2013-ին մեկնել է ծառայության: Օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքում 1 տարի ընդմիջել է ուսումը՝ վերսկսելով այն  այս տարվա 2-րդ կիսամյակից: Ինչպես ասում է՝ հետաքրքրված է մարքեթինգով, և որքան էլ դժվար է համատեղել ուսումն ու մարզական առօրյան, կարևորում է համալսարանական կրթությունը: Նախատեսում է մասնակցել 2020թ. Օլիմպիական խաղերին:

Բնավորությամբ համեստ, բայց համառ ու նպատակասլաց մարզիկը հայրենիքում սպորտը զարգացնելու, միջազգային ասպարեզում մրցունակ հայ մարզիկներ պատրաստելու, իր փորձը կրտսեր սերնդին փոխանցելու  մեծ ցանկություն ունի, ավելին՝ ուրվագծում է այն իրագործելու ճանապարհը:

«Ուզում եմ Հայաստանում (Երևանում) հիմնել ատլետիկայի ակումբ, որը պատանի հասակից ուժեղ մարզիկներ կաճեցնի, որոնք պատվով կհնչեցնեն Հայաստանի անունը: Ակումբի նպատակը շահույթ հետապնդելը չի լինի, հակառակը՝ այն նաև բարեգործական կլինի, մարզիկներին կաջակցի մի շարք հարցերում, օրինակ՝ անվճար սպորտային համազգեստ կտրամադրի»,-նշում է ատլետը:

Շնորհալի մարզիկը նաև կիթառ ու դաշնամուր է նվագում, զբաղվում է ընթերցանությամբ: Ուսումնասիրում է հայ և արտասահմանցի հատկապես (ֆրանսիացի) գրողների գործերը. Ալեքսանդր Դյուման, Ջոան Ռոուլին սիրելի հեղինակներից են:

Լևոն Աղասյանի հետ զրույցն ամփոփեցինք «Ո՞րն է հաջողության հասնելու քո բանաձևը» հարցադրմամբ, որին ի պատասխան նա ներկայացրեց իր կարգախոսը:

«Եթե երազանքը մեծ է՝  փաստերը խոչընդոտ չեն. եթե նպատակ ունես և ուզում ես հասնել դրան պետք է համառ ու հետևողական աշխատանք, առկա պայմաններում երազանքիդ հասնելու պատրաստակամություն»:

Լևոնի մարզական ձեռքբերումները միշտ ՀՊՏՀ տեսադաշտում են, համալսարանը հպարտությամբ է արձանագրում նրա հաղթանակները: Հիշեցնենք, որ 2 տարի (2013 թ.  և 2016 թ.) Լևոն Աղասյանն  ընդգրկվել է ՀՊՏՀ  լավագույն 10 մարզիկների շարքում:

Մեր ուսանողին մաղթում ենք ուսման մեջ հաջողություն, մարզական բազում  հաղթանակներ ու նպատակների իրագործում:

Վերջին 2 լուսանկարը տրամադրել է Լևոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին