Սգում ենք Լևոն Վարդանյանի մահը, նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում
Կյանքի 92-րդ տարում վախճանվեց անվանի գիտնական, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Լևոն Եղիշեի Վարդանյանը՝ մեր համալսարանի (Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի) 1984-1991 թթ. ռեկտորը ու երկարամյա պրոֆեսորը(1991-2014 թթ):
Համալսարանի ռեկտորատն իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Վարդանյանի հարազատներին, նրան ճանաչող ու գնահատող բոլոր մարդկանց՝ մեծ մտավորականի մահվան առիթով ու սգում բոլորի հետ միասին:
Մեզանից հեռացավ մի մարդ, գիտնական, մանկավարժ ու քաղաքացի, որը ազնվականության մարմնավորում էր՝ բարեկիրթ, արժանապատիվ, ազնիվ ու մեծահոգի: Նա իր անուրանալի ավանդը թողեց սերունդների կրթության ու դաստիարակության գործում ու մարդկային հրաշալի օրինակ ծառայեց իր գործընկերների ու սաների համար:
Լևոն Վարդանյանը ծնվել է 1926-ի նոյեմբերի 29-ին Կրասնոդարում: 1930-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: 1944-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան դպրոցը, 1949-ին` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1953-ին Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Աշխատել է ԵրՊԻ «Մեքենաշինության տեխնոլոգիա», «Արդյունաբերության պլանավորում» ամբիոններում:
1957-1961-ին «Հայէլեկտրամեքենա» գործարանին կից գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղի տնտեսագիտական հետազոտությունների սեկտորի պետն էր: 1962-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1969-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1972-ից զբաղեցրել է ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչի պաշտոնը:
1983-ին արժանացել է Հայկական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
Լ. Վարդանյանը հրատարակել է ավելի քան 150 գիտական աշխատանք, այդ թվում` մեկ դասագիրք (համահեղինակությամբ), երեք ուսումնական ձեռնարկ, չորս մենագրություն: Եղել է Հայաստանի գիտատնտեսագիտական և գիտատեխնիկական ընկերությունների նախագահ (1982-1987, 1986-1989):
Լևոն Վարդանյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր՝ Խաղաղ Դոնի փողոցի 2/14հասցեում, ժամը 18.00-20.00-ն:
ՀՊՏՀ Ռեկտորատ