Այսօր Մայրենի լեզվի միջազգային տոնն է

Դիտումների քանակ՝ 6421

Մեկ տասնամյակից ավելի է՝ հայերս պետականորեն նշում ենք Մայրենի լեզվի միջազգային տոնը: Տոնի նախապատմությունը գալիս է անցյալ դարի 50-ական թվականներին բենգալերենի և ուրդու լեզվի ինքնուրույն գոյության և պետականորեն ճանաչվելու համար մղվող իրադարձություններից, երբ հարազատ լեզվի գոյակռվում մարդկային արյուն է հեղվել:

Մեր մայրենի լեզուն՝ հայերենը, պատմության քառուղիներում նույնպես պայքարի ու մաքառման ճանապարհ է անցել, սակայն մնացել է անառիկ՝ որպես մեր ինքնության ու մեր տեսակի պահպանման ամենահզոր ամրոց: Բարեբախտաբար, այսօր մեր մայրենին գոյակռվի ու պայքարի կարիք չունի, սակայն այն հոգատարության ու խնամքի, սիրո ու հավատարմության կարիք ունի: Իսկ սիրել, նշանակում է լավ սովորել հայերեն, շատ կարդալ, բանավոր ու գրավոր խոսքում կարևորել գրագիտությունը, հարուստ բառապաշարը, նշանակում է չաղարտել ու չստորադասել այն ոչ մի այլ լեզվի:

Փայփայենք մեր լեզուն, զարգացնենք մեր ոսկեղենիկը, և յուրաքանչյուրս պատասխանատվություն կրենք այն մաքուր, անաղարտ ու գեղեցիկ պահպանելու գործում, գիտակցենք ու գնահատենք մեզ բաժին հասած երջանկությունը, քանզի ինչպես պոետն է ասում.

Եվ երջանիկ է՝ ով քեզ կարող է կոչել Մայրենի,

Երանելի է՝ ով քեզանով է խոսում ու դատում…

Դու՝ իմ մայրենի՛,

Այսպիսի՛ն ես դու:

Եվ ես երջանիկս ու երանելիս,

Ե՛ս չեմ, այդ ես չեմ քեզ տիրապետում:

Դու ես, այդ դո՛ւ ես ինձ տիրապետում-

Հավիտյա՛ն և մի՛շտ,

Եվ ա՛յժմ նաև՝

Քեզանով իսկ քե՛զ փառաբանելիս…

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին