Խորվաթիայի 2 ուսանող «Էրազմուս+»-ի շրջանակում ուսումնառել է ՀՊՏՀ-ում. ավարտը՝ շնորհանդեսներով

Դիտումների քանակ՝ 2952

Նոյեմբերի 21-ից մեր համալսարանում «Էրազմուս+» ծրագրով ուսանում են Խորվաթիայի Հանրապետության Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի  տնտեսագիտություն և տուրիզմ մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Դավոր Յաչիմովիչը և Տեա Անիչիչը: Խորվաթ ուսանողներն այս ամիսներին ուսանել են ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողների խմբի հետ՝ «Գործարար կառավարում» մագիստրատուրա  2-րդ կուրսում:

Այսօր ՀՊՏՀ-ում  նրանց ուսումնառության վերջին օրն էր: Արտաքին կապերի բաժինը, որ մեր համալսարանում համակարգում է ծրագիրը, մեզ հրավիրեց խորվաթ ուսանողների վերջին դասին, որին Դավոր Յաչիմովիչը և Տեա Անիչիչը պատրաստել էին  համապատասխանաբար «Միկրոֆինանսները Խորվաթիայում»  և «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Խորվաթիայում» թեմաներով շնորհանդեսներ՝ ամփոփելով մեր համալսարանում ստացած գիտելիքները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց ուսանողների հետ, արձանագրել նրանց տպավորությունները ՀՊՏՀ-ի, Հայաստանի և հայերի մասին:

«Համալսարանում ամեն ինչ հիանալի է, դասախոսները անմիջական են, լավ են տիրապետում իրենց մասնագիտությանը և գիտեն՝ ինչպես բացատրել նյութը, որպեսզի բոլորին մատչելի լինի»,-ասաց Դավորը՝ նշելով, որ այստեղ  շատ գիտելիքներ է ձեռք բերել: Տեան էլ հավելեց ՝ «Հայերը լավ ժողովուրդ են՝ բարի, ընկերական»:

Ուսանողները  Հայաստանում հարստացրել են ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև՝ մշակութային: ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ նրանք եղել են Հայաստանի պատմամշակութային վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը:

«Հասցրել ենք լինել Էջմիածնում, Զվարթնոցում…զգացել ենք, թե որքան ուժեղ մշակույթ ունի հայ ժողովուրդը, մշակույթ, որից վեր է հառնում նրա ազգային  ոգին»,-տպավորությունները ներկայացրեց Դավոր Յաչիմովիչը:

Ինչպես տեղեկացրեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը՝ Խորվաթիայի նույն համալսարանում այս պահին «Էրազմուս+»-ի շրջանակում  ուսանում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանող Հայկարամ Դրմեյանը: Նա մեկնել է հոկտեմբերին և շուտով արդեն պետք է վերադառնա: Բաժնի պետը հավելեց նաև, որ ծրագրով այս կիսամյակում ՀՊՏՀ-ն ուսանողներ չի հյուրընկալի, փոխարենը, գործընկեր-համալսարաններ կմեկնեն դասախոսներ, վարչական բաժինների աշխատակիցներ, ասպիրատներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին