ՀՊՏՀ-ում նշվեց Արկադի Հայրապետյանի 70-ամյա հոբելյանը

Դիտումների քանակ՝ 4166

ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արկադի Հայրապետյանը բոլորեց ծննդյան 70-ամյակը, ինչի առթիվ այսօր հոբելյարին  շնորհավորեցին ռեկտորատի նիստում: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց Արկադի Հայրապետյանին, ընդգծեց նրա ավանդը մեր համալսարանի կայացման գործում, ներկայացրեց գիտնականի անցած ճանապարհը և ներդրումը երիտասարդ կադրերի կրթության և դաստիարակության գործում:

«Շնորհավորում ենք Ձեզ, մաղթում առողջություն և նպատակների իրականացում, նաև շնորհակալ ենք Ձեզ՝ Ձեր տեսակի համար և ցանկանում համատեղ աշխատանքի երկար տարիներ»,- նշեց համալսարանի ռեկտորը և հանձնեց շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես  ասված էր. « Բնատուր շնորհներով, մեծ աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ Դուք կերտել եք հարուստ ու արժանահիշատակ կենսագրություն, որում ամեն դրվագը բնորոշում է Ձեր գործն ու մարդկային կերպարը: 1971 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աշխատանքի եք անցել մայր համալսարանի ֆունկցիաների տեսության ամբիոնում որպես ասիստենտ: Գիտական պրպտումները, ինքնակատարելագործման ձգտումը Ձեզ ուղղորդել են Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, որի ասպիրանտուրայում ուսանել եք 1973-1975 թթ. և որտեղ էլ 1977 թ. պաշտպանել եք թեկնածուական ատենախոսությունը:

Ձեր սերնդակիցներից շատերի հետ միասին Դուք դրել եք մեր համալսարանի հիմնաքարը՝ աշխատելով մեծ եռանդով, նվիրվածությամբ. սկզբում՝ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ, ապա ավագ դասախոս, 1980-ից՝ դոցենտ: 2004-ից մինչև 2017 թվականը ղեկավարել եք նույն ամբիոնը: Աշխատանքային գործունեության երկար տարիների ընթացքում Դուք մշտապես հանդես եք բերել բարձր պրոֆեսիոնալիզմ, սկզբունքայնություն, նախանձելի կազմակերպչական ունակություններ, կառավարչի ձիրք, Ձեզ հաջողվել է ստեղծել աշխատանքային առողջ և միաժամանակ պահանջկոտ մթնոլորտ, ջերմ հարաբերություններ:  Մեծ են Ձեր ծառայությունները տնտեսագետների պատրաստման գործում, որոնց համար մաթեմատիկական մտածողության և բարձրագույն մաթեմատիկայի կարևորությունը բացահայտել եք նորովի, փոխանցել հարուստ, խոր ու համակողմանի գիտելիք, աջակից եղել նրանց մասնագիտական կայացման ճանապարհին, ինչպես նաև մարդկային հարաբերություններում»:

Այնուհետև Արկադի Հայրապետյանի 70-ամյա հոբելյանը նշվեց նաև հարազատ ամբիոնում՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում: Հոբելյարին շնորհավորելու էին եկել ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը, գործընկերները:

Ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Մհեր Աղալովյանը շնորհավորանքի խոսքում արժևորեց գիտնական-մանկավարժի անցած ուղին՝ ընդգծելով, որ նա բուհի հիմնադրման ակունքներում է, և երջանիկ են նրանք, ովքեր վայելել ու վայելում են Արկադի Հայրապետյանի նման բանիմաց գործընկերոջ ներկայությունը: Նշվեց, որ 70-ամյա գիտնականն իր աշխատանքային գործունեության զգալի տարիները նվիրել է ամբիոնի ղեկավարման պատասխանատու գործին, հիմք է դրել կայուն գիտական միջավայրի և ամուր գործընկերային հարաբերությունների: Ամբիոնի անունից Մհեր Աղալովյանը շնորհակալագիր հանձնեց դոցենտին, մաղթեց նրան աշխատանքային ու անձնական հաջողություններ:

Բարեմաղթանք հղեց նաև պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ անդրադառնալով Արկադի Հայրապետյանի աշխատանքային պատկառելի կենսագրությանը:

Ամբիոնի դասախոսները ներկայացրին հոբելյարի հետ կապված իրենց լավագույն  հիշողությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին