ՀՊՏՀ-ն՝ դիմորդների հետաքրքրության կենտրոնում. Հրազդանի ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին մեր համալսարանում

Դիտումների քանակ՝ 3559

Մասնագիտական կողմնորոշման ճանապարհին ավարտական  դասարանների աշակերտները իրենց հետաքրքրող մասնագիտության և բուհի  վերաբերյալ  ոչ միայն  համացանցում են տեղեկություններ որոնում, այլև  այցելում են տարբեր բուհեր՝ «առաջին ձեռքից»  ստանալու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի 12-րդ դասարանի աշակերտները, ուսմասվար Արև Մխիթարյանի և դասղեկ Լիլիթ Սիմոնյանի ղեկավարությամբ, այսօր մեր բուհում էին: Նրանց դիմավորեցին և տեղեկատվական հանդիպումը վարեցին ավագ դպրոցների հետ ՀՊՏՀ համագործակցության ծրագրի համակարգող, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, նախորդ տարիներին ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի  պատասխանատու  քարտուղար Մերի Բադալյանը: Հանդիպմանը ներկա էին նաև աշակերտների ծնողներ:

Ի՞նչ մասնագիտություններ կան, որքա՞ն է վարձավճարի չափը, ի՞նչ զեղչային համակարգ և սոցիալական աջակցության այլ ծրագրեր են գործում ՀՊՏՀ-ում. սրանք աշակերտների հիմնական հարցադրումներն էին, որոնց սպառիչ պատասխանեց Մերի Բադալյանը: Շարունակելով զեղչերի թեման, ի պատասխան հարցադրումների, Լուսինե Կարագուլյանը հավաստիացրեց, որ լավ սովորող ոչ մի ուսանող ուսման վարձի պատճառով դուրս չի մնա համալսարանից:

Հանդիպման երկրորդ հատվածում ՀՊՏՀ ՈւԽ ներկայացուցիչներն աշակերտներին պատմեցին համալսարանի ուսանողական կառույցի առաքելության, գործունեության, ուսանողական առօրյան հարստացնող ժամանցային, ինտելեկտուալ միջոցառումների մասին: Այնուհետև ուսխորհրդականների ուղեկցությամբ աշակերտները շրջայց կատարեցին բուհով, եղան մասնաշենքերում, մարզադահլիճում, գրադարանում:

Աշակերտներին տրամադրվեցին ՀՊՏՀ տեղեկատվական գրքույկներ և պաշտոնական «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում դասղեկը տեղեկացրեց, որ այսպես կոչված հայեցողության ժամերի շրջանակում, աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն աջակցելու նպատակով, այցելություններ են կատարում բուհեր և աշակերտների ցանկությամբ այսօր եկել են ՀՊՏՀ: «Դասարանում մեծաթիվ աշակերտներ կան, ովքեր արդեն հստակ կողմնորոշվել են Տնտեսագիտական համալսարանի ընտրության հարցում»:

Աշակերտուհի Քրիստինե Վանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն կողմնորոշվել է՝ մասնագիտական կրթություն ստանալու համար ՀՊՏՀ է դիմելու: Մինչ մեր համալսարանում հյուրընկալվելը բուհի մասին տեղեկություններ է ստացել համալսարանի պաշտոնական կայքից:

Համադասարանցի քույրեր Սուսաննա և Նարինե Բրուտյաններն էլ հավելեցին, որ տնտեսագետի մասնագիտությունը նախընտրելի է, բուհի ընտրության փնտրտուքները դեռ շարունակվում են, և հավանական  է, որ կանգառը  հենց ՀՊՏՀ-ն լինի: Աղջիկները տիրապետում են կարուձևի արհեստին և հետագայում իրենց բիզնեսը հիմնելու և վարելու համար ցանկանում են տնտեսագետ դառնալ:

Լուսինե Կարագուլյանը ուրախությամբ հայտնեց, որ դպրոցների հետ փոխգործակցությունն աշխուժանում է. «Նույնիսկ այն դպրոցները, որոնց հետ մեր համալսարանը համագործակցության հուշագիր չունի, հետաքրքրվում և ցանկություն են հայտնում ՀՊՏՀ-ում հյուրընկալվելու  և տեղեկատվական հանդիպման մասնակցելու, մենք էլ սիրով արձագանքում ենք»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին