Տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի 2017թ. առաջին նիստը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի 2017թ. առաջին նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի նախագահությամբ: Օրակարգը հագեցած էր, այն սկսվեց գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանի «Համալսարանի 2016թ գիտահետազոտական գործունեության արդյունքների և 2017թ. խնդիրների մասին» զեկուցմամբ:
Բաժնի պետը շեշտեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համալսարանի գիտահետազոտական գործունեությունը կազմակերպվել է «ՀՊՏՀ 2012-2017թթ. գիտահետազոտական և նորաստեղծական գործունեության զարգացման հայեցակարգով» սահմանված նպատակներին համաձայն, իսկ 2017թ խնդիրների արծարծման համար հիմք է ծառայել «ՀՊՏՀ 2014-2018 թթ. գործունեության բարելավման գործողությունների պլանը»:
Խորեն Մխիթարյանի զեկուցմամբ՝ 2016թ. համալսարանում շարունակվել է ներհամալսարանական 4 գիտաուսումնական խմբերի թեմաների, ամբիոնային 88 թեմաներով գիտահետազոտական աշխատանքների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի 3 դրամաշնորհային և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 5 գիտական ուղղություններով ծրագրերի իրականացումը: Կազմակերպվել է համալսարանի 26-րդ գիտաժողովը, նախորդ տարվա համեմատ նվազել են համալսարանի գիտնականների հրապարակումների թիվը, բայց ավելացել է դրանց քանակը միջազգային ամսագրերում: 2017թ. անելիքներում ընդգծվեց՝ «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսը շուտով հանդես կգա միջազգային խմբագրական խորհրդով: Ռեկտոր Կորյուն Աթոյանը, դիմելով գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետին, հստակեցրեց՝ համալսարանում գիտահետազոտական գործունեության աշխուժացումը անխուսափելի է , ուստի՝ մինչև ուսումնական տարեվերջ պետք է լինեն կոնկրետ արդյունքներ: Գիտխորհուրդը բավարար գնահատեց կատարված աշխատանքները, և հստակ ժամանակացույցով զարգացման հանձնարարական ներկայացրեց գիտության և ասպիրանտուրայի բաժնին:
Հաջորդ հարցով գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկության դրեց ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ու ֆինանսական ֆակուլտետների դեկանների ընտրության հարցը: Մինչ այդ թեկնածուները հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով ծրագրային դրույթներ՝ ուղղված ֆակուլտետների զարգացմանը՝ ուսումնական գործընթացից մինչև կազմակերպական հարցեր: Առաջին ֆակուլտետում առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ տ.գ.թ., դոցենտներ Ատոմ Մարգարյանը և Գրիգոր Նազարյանը, իսկ երկրորդում՝ տ.գ.թ. , դոցենտ Վահե Միքայելյանը: Մրցութային հանձնաժողովի նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրեց ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակից թեկնածուներին՝ ֆինանսների ամբիոնի վարիչի պաշտոնի համար առաջադրվել էր տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչի պաշտոնի համար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչի պաշտոնի համար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան ընտրեց Գրիգոր Նազարյանին, ֆինանսական ֆակուլտետի դեկան ընտրեց Վահե Միքայելյանին, իսկ ամբիոնների վարիչների պաշտոններում ընտրվեցին առաջադրված թեկնածուները: Քվեարկության արդյունքները հաստատվեցին բաց քվեարկությամբ:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց գիտական խորհրդի 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց:
Ընթացիկ հարցերի շարքում ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը զեկուցեց «Տեսական դասընթացն ավարտած, սակայն ամփոփիչ ատեստավորման ժամանակ անբավարար ստացած կամ չներկայացած բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների կրկնակի ավարտական աշխատանքը կամ մագիստրոսական թեզը ղեկավարելու և գրախոսելու համար ժամավճար նախատեսելու մասին» հարցը: Գիտխորհուրդը որոշեց տեսական դասընթացն ավարտած, սակայն ամփոփիչ ատեստավորման ժամանակ անբավարար ստացած կամ չներկայացած բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների կրկնակի ավարտական աշխատանքը կամ մագիստրոսական թեզը ղեկավարելու և գրախոսելու համար ժամավճար նախատեսել համալսարանում գործող հետևյալ նորմաներով՝ ավարտական աշխատանքի համար 20+5=25 ժամ, իսկ մագիստրոսական թեզի համար՝ 25+8=33 ժամ: Ավարտական կուրսի առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներով համալսարանից անբավարար առաջադիմության պատճառով հեռացված կամ տեսական դասընթացը չավարտած ուսանողների ավարտական աշխատանքների կամ մագիստրոսական թեզերի ղեկավարման համար ժամավճար չի նախատեսվում: Գիտխորհուրդը հաստատեց հարցը: Պրոռեկտորը ներկայացրեց նաև «ՀՊՏՀ-ում դասալսումների անցկացման կարգը», որը որոշվեց լրացուցիչ քննարկման ներկայացնել:
Գիտխորհուրդը քննարկեց և հաստատեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին