Պլաստիկ քարտեր՝ նախկին թղթայինի փոխարեն. ՀՊՏՀ-ում բարելավվում է գրադարանային սպասարկումը

Դիտումների քանակ՝ 3272

ՀՊՏՀ գրադարանում շարունակվում են սպասարկման որակի բարելավմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում ներդրվել է  առցանց պատվերներ կատարելու  ծառայությունը, առաջին կուրսեցիների համար թողարկվել է գրադարանային պլաստիկ քարտեր:

Առցանց պատվերի հնարավորությունը դյուրացրել է գիրք ձեռք բերելու գործընթացը:

Գրադարանային նոր ծառայությունների և դրանց առավելությունների մասին զրուցել ենք տնօրեն Արմինե Հովհաննիսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ այս ուսումնական տարվա սկզբից առաջին կուրսեցիների համար գործարկվել են գրադարանային պլաստիկ քարտեր, որոնք առցանց պատվեր կատարելու հնարավորություն են ընձեռում:

Իսկ բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները առցանց պատվերի ծառայությունից  օգտվում են համապատասխան բազայում գրանցվելուց հետո: Պլաստիկ քարտերը   փոխարինելու են գալիս գրադարանային թղթային քարտերին.  նոր քարտերի հերթական խմբաքանակները կթողարկվեն առաջիկա  ուսումնական տարիների 1-ին կուրսեցիների համար  և այդպես, թղթային քարտերն աստիճանաբար դուրս կմղվեն:

«Գրադարանային «Կոհա» ծրագրի միջոցով  ուսանողները կարողանում են ցանկացած վայրից առցանց պատվեր կատարել և արագ արձագանք ստանալ: Եթե  գիրքը չի լինում գրադարանում, աշխատակիցները կա'մ առկայության դեպքում տրամադրում են  դրա էլեկտրոնային տարբերակը, կա'մ ուղղորդում են համապատասխան կայքից ձեռք բերելու: Ստացվում է՝ գրադարանը նաև  անվճար մատենագիտական ծառայություն է մատուցում: Բացի դրանից, աշխատակիցներն առանձին դիտարկում են պատվերները և ըստ պահանջարկի,  ձեռք բերելու նպատակով, դուրս բերում այն գրքերը, որոնք չկան մեր գրադարանում»,-պարզաբանում է տնօրենը:

Թեև առցանց ծառայությունները դեռ զարգացման փուլում են, բայց  ուսանողների մի ստվար հատված արդեն ակտիվորեն օգտվում է դրանցից, առցանց պատվերների թիվն ընդլայնվում է. երեկ,  օրինակ, արձանագրվել է ավելի քան 50 պատվեր:

Ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսեցի Էլինա Մահտեսյանը նշում է, որ առցանց եղանակով գիրք պատվիրելն ավելի խելամիտ է, օգնում է խնայել ժամանակն ու խուսափել հերթերից:

Հիշեցնենք, որ պլաստիկ քարտեր չունեցող  ՀՊՏՀ բոլոր ուսանողները (առկա, հեռակա ուսուցման համակարգի) առցանց պատվերի ծառայությունից  օգտվելու համար կարող են հետևել այս հղմանը՝ media.asue.am/upload/gradaran/gradaran_online.pdf:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին