Արժանի պարգև՝ ազգային մշակույթի նվիրյալին
Ժողովրդական երգարվեստի պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ազգային երգ ու պարի նվիրյալ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրազնիկ Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Պարգևը նրա բնակարանում հանձնել են նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Արմենակ Սարգսյանը և «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Գրիգորյանը:
Այս ուրախալի փաստի առիթով մեր շնորհավորանքն ենք ուղղում հարգարժան Սիրազնիկ Հարությունյանին, ով վաստակած հանգստի է անցել, մաղթում ենք նրան առողջություն, տոկունություն, լավատեսութուն:
Իր աշխատանքային ու ստեղծագործական եռանդուն ու բովանդակալից կյանքի չորս տասնամյակը Սիրազնիկ Հարությունյանը մեր համալսարանում նվիրաբերել է գիտական ու մանկավարժական գործունեությանը, հայրենասիրության և բարոյականության դասեր տվել սերունդներին: Լինելով ազգային երգ ու պարի գիտակ ու հիանալի կատարող՝ նա իր պարտքն ու առաքելությունն է համարել այն պահպանելը, քարոզելը, տարածելը, սերունդներին իրենց ազգային մշակույթի գոհարները փոխանցելը: 1982 թվականին տնտեսագիտական համալսարանում նա ստեղծել է «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը, որը համալրել են ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, հրավիրել է երաժիշտներ, խումբն ապահովել ազգային տարազներով, գրագետ ու բծախնդիր կերպով ստեղծել երգացանկ ու երկար տարիներ եղել համույթի գեղարվեստական ղեկավարը: Պատեհ է հիշեցնել, որ Սիրազնիկ Հարությունյանը հրատարակել է հայ ազգային երգարվեստին նվիրված մի շարք ուսումնասիրություններ, այդ թվում՝ «Հայ երգարվեստը, գուսանի խրատը և հայդուկի ցասումը» ուսումնասիրությունը:
Վերջին երեք լուսանկարը՝ «Տնտեսագետ»-ի պահոցից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին