ՀՊՏՀ-ում կավելացվի պրոյեկտորներով լսարանների թիվը. հանձնարարական ռեկտորատում
2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանն ընթացել է սահմանված գրաֆիկին համապատասխան, արտառոց դեպքեր և շեղումներ չեն եղել, իսկ ուսման առաջադիմությունը համալսարանի տարբեր ֆակուլտետներում 65-80 տոկոսի միջակայքում է: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ մանրամասն ներկայացնելով քննական պատկերը, լուծարք ունեցող ուսանողների թիվը:
Օրակարգի երկրորդ հարցը՝ 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման մասին, կրկին զեկուցեցին դեկանները՝ շեշտելով, որ երեկվանից մեկնարկած դասապրոցեսը նորմալ է ընթանում, դասացուցակները հաստատված են, լսարանային ֆոնդը բաշխված է: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց դեկաններին ըստ ֆակուլտետների ճշգրտել պրոյեկտորներով լսարանների պահանջարկը և հայտ ներկայացնել՝ համալսարանում պրոյեկտորներով լսարանների թիվը ընդլայնելու նպատակով: Հանձնարարականն ընդունվեց հավանությամբ. դեկանները նշեցին, որ նման լսարանների նկատմամբ հետաքրքրությունն օրեցօր աճում է:
Փորձառությունների կազմակերպման մասին զեկուցեց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը՝ ընդգծելով ուսանողների ավարտական աշխատանքների թեմաների և պրակտիկայի վայրերի հստակ համապատասխանեցման կարևորությունը: Ուսումնական բաժնից տրամադրված փորձառության ժամանակացույցը, որ հրապարակել ենք այսօր առավոտյան, կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ asue.am/am/մեդիա/նորություններ-143/ի-գիտություն-ավարտական-կուրսերի-ուսանողների-ներկայացնում-ենք-փորձառության-ժամանակացույցը-2890:
Անդրադարձ եղավ ընթացիկ հարցերի ևս: Դրանց շարքում գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ գրադարանային սպասարկումն այսուհետ իրակացվելու է նոր քարտային համակարգով, ինչին մենք կանդրադառնանք առանձին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին