Ռազմահայրենասիրական դաս՝ Եղեգնաձորի մասնաճյուղում
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2-րդ կիսամյակի մեկնարկը նշանավորվել է ռազմահայրենասիրական միջոցառմամբ. մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի հրավերով երեկ բուհում հյուրընկալվել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը և արիության դաս վարել, որին մասնակցել են պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր կուրսերի ուսանողներ: Այս մասին տեղեկացնում են մասնաճյուղից:
Բանախոսության առանցքում են եղել ազգ-բանակ գաղափարախոսությանը, բանակաշինությանը, տնտեսության զարգացման և բանակի միջև կապին առնչվող հարցեր: Գնդապետն իր խոսքում ընդգծել է, որ հասարակությունը, հատկապես երիտասարդությունը, պետք է ակտիվորեն ներգրավված լինի բանակաշինության և զինվորի մարտական ոգու բարձրացմանն ուղղված միջոցառումներում: Ելույթում անդրադարձ է եղել պետական քաղաքականության հարցերին, որոնք վերաբերում են օրինակ, ազգ-բանակ համագործակցության զարգացման հեռանկարներին, բանակը որպես տնտեսության շարժիչ ուժ դարձնելու գաղափարին:
Դասի երկրորդ հատվածում ուսանողները հրամանատարին հղել են իրենց հետաքրքրող հարցերը, ապա 4-րդ բանակային կորպուսի գործունեությանը նվիրված ֆիլմ դիտել:
Մեզ հետ զրույցում Սոս Խաչիկյանն ասաց, որ երեկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ մարտ-ապրիլ ամիսներին նախատեսվում է ուսանողների այցելությունը զորամաս: «Արիության դասը նվիրված էր նաև բանակի հոբելյանական տարեդարձին, այս կիսամյակում նախատեսում ենք բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված մի շարք միջոցառումներ կազմակերպել»:
Լուսանկարները՝ մասնաճյուղից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին