ՀՊՏՀ 2 ուսանող՝ տարվա լավագույն մարզիկների շարքում

Դիտումների քանակ՝ 2093

ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ  ամեն տարի  հանդիսավորությամբ պարգևատրվում են բարձր մարզական ցուցանիշներ արձանագրած ուսանող մարզիկները: Փետրվարի 4-ին ՀԵՀ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ամփոփվել են 2016թ. հանրապետական և միջազգային մարզական առաջնությունների արդյունքները և պարգևատրվել են

առաջատար մարզիկները, որոնց թվում են  միջազգային մրցաշարերում լավագույնս ներկայացած ուսանողները, ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթող թիմերի անդամները։ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, ով նաև ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, մեզ տեղեկացրեց, որ 2016թ. հանրապետության  լավագույն մարզիկների շարքում են ՀՊՏՀ  ուսանողներ,  մարքեթինգային հետազոտություններ մասնագիտացման 2-րդ կուրսի մագիստրանտ Արմեն Ֆիշյանը և տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն մասնագիտացման  2-րդ կուրսի մագիստրանտ Արամ Մելքոնյանը: Արմենը լավագույնն է ֆուտզալ մարզաձևում, Արամը՝ վոլեյբոլում: Տղաները պարգևատրվել են նվերներով:

«Այն, որ հանրապետության լավագույն ուսանող մարզիկներից 2-ը մեր համալսարանն  են ներկայացնում  լավ և պարտավորեցնող  ցուցանիշ է»,-ասաց ամբիոնի ղեկավարը:

Ծաղկաձորում կայացած միջոցառմանը հատուկ անդրադարձ է կատարվել ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի արձանագրած հաջողություններին: ՀՀ ֆուտզալի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ թիմի անդամների ստորագրություններով գնդակ է փոխանցվել  ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին՝ ուսանողական սպորտին մշտապես աջակցելու համար: Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը Հայաստանի ֆուտզալի առաջնության կրկնակի չեմպիոն է: 2016-ին ՀՊՏՀ ֆուտզալի տղաների ՀՀ բարձրագույն խմբում արձանագրած հաղթանակի շնորհիվ Հայաստանը հյուրընկալել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության A խմբի խաղերը։

Շնորհավորում ենք ՀՊՏՀ մարզիկներին՝ մաղթելով նոր հաղթանակներ:

Երկրորդ լուսանկարի մեջտեղում դարպասապահ Արմեն Ֆիշյանն է՝ նարնջագույն  մարզաշապիկով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին