Կրթական բարեփոխումները՝ ՀՊՏՀ ռեկտորի և ուսանողների քննարկման առանցքում
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու կրթական բարեփոխումներին միտված ուսանողների առաջարկները: Քննարկմանը ներկա էին համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, նույն բաժնի ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության ղեկավար Գայանե Մերդինյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչՎարդան Սարգսյանը: Հիշեցնենք, որ ռեկտոր Կորյուն Աթոյանի առաջարկով Ուսանողական խորհուրդը նախաձեռնել է ուսումնական գործընթացի շուրջ ուսանողների մտահոգությունների ուսումնասիրում և ներկայացնում է այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
Այս նախաձեռնության շրջանակում մեկ հանդիպում արդեն տեղի ունեցել է, կարող եք վերհիշել՝ այցելելով հետևյալ հղումով՝ asue.am/am/մեդիա/նորություններ-143/ուսանողությունն-ինքը-պետք-է-շահագրգռված-լինի-որակյալ-կրթություն-ստանալու-հարցում-քննարկում-ռեկտոր-կորյուն-աթոյանի-մոտ-2751: Իսկ այսօր արդեն ՈՒԽ ներկայացուցիչները՝ ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանի գլխավորությամբ, ներկայացրեցին կրթական բարեփոխումների իրականացման փաթեթ՝ կազմված հարցումների արդյունքում:
Փաթեթը ներկայացնում է 6 խնդիր՝ առարկայական ծրագրերի վերանայում և հասանելիության ապահովում, քննական գործընթացի փոփոխում, անհատական աշխատանքի նկատմամբ հստակ պահանջների սահմանում, առանձին առաջարկներ՝անգլերեն, ինֆորմատիկա և մենեջմենթի հիմունքներ առարկաների վերաբերյալ, մագիստրատուրայից էկոնոմետրիկա առարկայի տեղափոխում բակալավրիատ, մագիստրոսական կրթական ծրագրերի բարեփոխում: Ռեկտորը և ուսումնական գործընթացի պատասխանատուները մանրամասն պարզբանումներ ներկայացրեցին ուսանողների մատնանշած խնդիրների վերաբերյալ՝ դրանց մի մասը լուծման փուլում է, որոշներինը կնախատեսվի, իսկ մի քանի խնդիրներ էլ կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ և լրջագույն փոփոխություններ է պահանջում:
Ամփոփելով հանդիպումը՝ Կորյուն Աթոյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ հանդես բերած նախանձախնդրության համար, ապա շեշտադրեց՝ համալսարանի ղեկավարությունը բաց է հետագա քննարկումների համար և պատրաստակամ է լուծել ուսանողներին հուզող խնդիրները: «Մենք բոլորս ենք շահագրգռված համալսարանում կրթության որակը բարելավել, հնարավորինս արդարություն ապահովել լավ սովորող ուսանողների համար»,- նշեց համալսարանի ռեկտորը: Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը կարևորեց գործընթացում ուսանողների մասնակցությունը: Իսկ ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ուսանողների մտահոգություններին ականջալուր լինելու և պարբերաբար քննարկումներ կազմակերպելու համար:
ՀՊՏՀ Լարտվության և հասարակայնության հետ կապերի բաժին