ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ընդլայնում է միջազգային գործընկերների շրջանակը. վավերացվել է համագործակցության նոր հնարավորությունը
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը նոր տարին սկսել է նոր ձեռքբերումներով՝ ընդլայնելով միջազգային գործընկերների շրջանակը: Օրերս մեր համալսարանի հետազոտական կենտրոնը համագործակցության համաձայնագիր է կնքել Չինաստանի Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հետ:
Հիշեցնենք, որ Չինաստանի Շենսիի մանկավարժական համալսարանի հետ ՀՊՏՀ համագործակցությունը սկսվել է անցած տարվանից՝ ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Աթոյանի նախաձեռնությամբ, ով նաև Չինաստանի վերոնշյալ համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հատուկ փորձագետ և հրավիրյալ պրոֆեսոր է:
2016թ. տարեվերջին համագործակցության հուշագիր կնքվեց երկու՝ Հայաստանի պետական տնտեսագիտական և Չինաստանի Շենսիի մանկավարժական համալսարանների միջև, ինչի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.asue.am/am/մեդիա/նորություններ-143/հպտհ-ի-և-չինաստանի-շենսիի-համալսարանի-միջև-համագործակցության-հուշագիր-է-կնքվել-2840
Այսօր արդեն համագործակցությունն ընդգրկում է նաև համալսարանների հետազոտական կենտրոնները: Սույն համաձայնագրով հետազոտական կենտրոնները նախաձեռնում են համագործակցություն գիտական և հետազոտական զարգացման ոլորտում՝ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում, հետազոտողների փոխանակում, հետազոտական արդյունքների համատեղ հրապարակում, միջազգային համաժողովների, աշխատաժողովների և գիտաժողովների համատեղ կազմակերպում և այլն: Հարկ է նշել, որ Շենսիի մանկավարաժական համալսարանը համարվում է Չինաստանի առաջատար գիտահետազոտական համալսարաններից մեկը:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը մեր խնդրանքով անդրադարձավ Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հետ համագործակցության հեռանկարներին, որը ներկայացնում ենք ստորև:
Չինաստանը, լինելով համաշխարհային տնտեսության առանցքային դերակատարներից մեկը, հատկապես «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծի գործարկումից հետո, մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Նոր մետաքսի ճանապարհի» ուղերթները սպասարկող երկրների և դրանց հարևանների տնտեսությունների ճանաչման ու վերջինների հետ տնտեսական համագործակցության նոր ուղիների բացահայտման նկատմամբ: Վերջինն իրականացվում է ինչպես դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական պատասխանատուների, այնպես էլ խնդրով զբաղվող ուղեղային կենտրոնների հետազոտությունների մեծածավալ ֆինանսավորմամբ: Նմանատիպ խնդիրների ուսումնասիրման մեջ մասնագիտացված չինական ամենաառաջատար ուղեղային կենտրոններից մեկը հենց Շենսիիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտն է, որի հետ բանակցությունների վարման և նախնական համաձայնության հասնելու աշխատանքները կազմակերպելու գործում պետք է արժանին մատուցել մեր համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Աթոյանին: Ներկայումս «Ամբերդը» հայաստանյան եզակի հետազոտական կենտրոններից է, որին հաջողվել է նման ձևաչափով համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերել Չինաստանի ուղեղային կենտրոններից որևէ մեկի հետ: Ցանկանում ենք նշել, որ Չինաստանի վերոնշյալ գիտահետազոտական հաստատության հետ մեր կենտրոնի կնքած համաձայնագիրը համագործակցության մեծ ներուժ ունի: Մեր կենտրոնները ծրագրում են համագործակցել գիտական ու հետազոտական ներուժի զարգացման մի շարք բնագավառներում, որոնց շարքում հատկապես կարևոր են փոխադարձ հետաքրքրության տիրույթում գտնվող համատեղ հետազոտական նախագծերի իրականացումը և հրապարակումները, միջազգային դրամաշնորհային ծրագրերին համատեղ մասնակցությունը, հետազոտողների փոխանակումները, ինչպես նաև համատեղ գիտաժողովների և ֆորումների անցկացումը: Համագործակցության հուշագիրը և դրա բարեհաջող իրականացումը մեծ նշանակություն ունեն նաև կենտրոնի գործունեության միջազգայնացման ու հետազոտական նախագծերի ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման առումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին