Տեղի ունեցավ ՀՊՏՀ ռեկտորատի այս տարվա առաջին նիստը
ՀՊՏՀ ռեկտորատի այս տարվա՝ այսօր կայացած առաջին նիստը սկսվեց գեղեցիկ արարողությամբ: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ռեկտորատի անդամներին հայտնեց, որ այսօր մեր համալսարանի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանի տարեդարձն է: Առիթը հոբելյանական է, Միխաիլ Կարապետյանը բոլորեց իր 60-ամյակը:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց Միխաիլ Կարապետյանի աշխատանքային կենսագրությունը՝ շեշտելով, որ նա մեր բուհի երկարամյա աշխատակից է, ապա անդրադարձավ հոբելյարի մարդկային հատկանիշներին, որոնք լավագույնս են բնորոշում երկարամյա աշխատակցին: «Ցանկանում եմ Ձեզ հետագա աշխատանքային հաջողություններ, անձնական և ընտանեկան բարօրություն»,- ասաց ռեկտորը:
Նիստի օրակարգում մեկ հարց էր. դեկանները զեկուցեցին 2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացքի մասին՝ նշելով, որ այն ընթանում է սահմանված քննագրաֆիկին համապատասխան, շեղումներ և արտառոց դեպքեր չկա: Ֆակուլտետների դեկանները նաև նշեցին, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ բավական հաջող են ընթանում համակարգչային քննությունները, բնական ընթացքի մեջ են նաև բանավոր քննությունները: Ռեկտորատը քննությունների անցկացման որակն ու արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում անդրադարձավ և շեշտադրեց թեստային բազաների թարմացման կարևորությունը:
Անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք հարցերի ևս, որոնց շարքում քննարկվեցին ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված ուսանողների նամակները: Գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը ներկայացրեց «Տնտեսագետ» հրատարակչության հրատարակչական-տպագրական աշխատանքների չափորոշիչները, որը ռեկտորատը հաստատեց: Սույն չափորոշիչներին կարող եք ծանոթանալ բաժնի պետի տրամադրած փաստաթղթում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին