Ուսխորհրդականներն ամանորյա նվերներով այցելել են Վանաձորի մանկատուն
ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները բարի ավանդույթ են ձևավորել, ըստ որի՝ ամեն տարի նվերներով ու անակնկալներով այցելություններ են կազմակերպում դեպի մանկատներ, ուրախություն պարգևում մանկատան սաներին, զրուցում ու ծանոթանում նրանց երազանքներին, խրախուսում: Նոր տարվա առաջին այցը երեկ է եղել, ուսանողները գտնվել են Վանաձորի մանկատանը, շրջել վերանորոգված ու նոր կահավորված սենյակներով, ծանոթացել համակարգչային և նկարչության խմբակների դասասենյակներին, երեխաների առօրյային: Այս մասին տեղեկացնում են ուսխորհրդականները:
Մանկական երգ ու պարով, խաղերով ու մրցույթներով ուսանողները տոնական են դարձրել մանուկների օրը, իսկ հաճելի անակնկալը Ձմեռ պապի ու Ձյունանուշի այցելությունն է եղել, ովքեր էլ հանձնել են ամանորյա նվերները:
«Ծնողական խնամքից զուրկ մանկատան սաները ևս սիրո և ջերմության կարիք ունեն, նրանք հասարակության լիիրավ անդամ են, մեր վաղվա զինվորը, ուսանողը, ապագան: Նրանք զգում են մեր ուշադրության և հոգատարության կարիքը, և մենք պարտավոր ենք լինել նրանց կողքին»,-նշել է ՈւԽ նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Մանկատան տնօրենն էլ ընդգծել է՝ նմանաբնույթ միջոցառումները շատ կարևոր են երեխաների համար, քանի որ նրանք իրենց սիրված, պաշտպանված ու ջերմությամբ շրջապատված են զգում` հասկանալով, որ լքված ու անտեսված չեն հասարակության կողմից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին