Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ. մինչ նոր հանդիպում` 2017 թվականին
Սիրելի բարեկամներ, հարգելի գործընկերներ, ուսանողներ, այսօր 2016 թվականի վերջին աշխատանքային օրն է: Առջևում ամենաջերմ, ամենալավատեսական տոներն են՝ Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ հրաշալի ժամանակաշրջան ընտանեկան միջավայրում, ընկերների ու մերձավորների հետ գեղեցիկ ու անմոռանալի պահեր ապրելու, ուրախանալու և ուրախացնելու, ամանորյա հրաշքին առնչվելու և ոգեշնչվելու համար: Հին ու նոր տարվա ճամփաբաժանին կարևորը բարձր տրամադրությունն է, հուսավառ առաջ ընթանալու ձգտումը: Անցնող 2016 թվականին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն աշխատել է արդարացնել ձեր կյանքում իր ներկայությունն ու ձեր սպասումները և բուհի պաշտոնական (asue.am) կայքի, ֆեյսբուքյան պաշտոնական էջի, «Տնտեսագետ» ամսագրի և լրատվամիջոցների հետ աշխատանքի միջոցով լուսաբանել և ներկայացրել է մեր սիրելի համալսարանի առօրյան, ձեռքբերումները, զարգացումները։ Գնահատականը կարող եք տալ դուք, այնուհանդերձ, մենք ուրախ ենք, որ աշխատանքում ներդրել ենք առավելագույն ջանքեր, սեր ու նվիրում, իսկ գալիք տարում ձգտելու ենք անել էլ ավելին: Իսկ մինչ այդ, երախտագիտությամբ ճանապարհենք 2016 թվականը՝ ձեռքբերումից ու ձախողումից, հաղթանակից ու պարտությունից քաղելով օգտակարն ու ուսանելին: Թող նոր 2017 թվականը բոլորիդ համար լինի առողջության ու բարօրության, առատության ու նորանոր հաջողությունների տարի: Մինչ նոր հանդիպում՝ 2017 թվականի հունվարի 9-ին:
Սիրով միշտ ձեզ հետ՝ ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին