ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն ամանորյա շնորհավորանք է հղել ՀՊՏՀ-ականներին
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, ավանդույթի համաձայն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորանքով, որը սիրով ներկայացնում ենք ձեզ:
Ժամանակի արագընթաց սլացքում չենք էլ նկատում, թե ինչպես է օրացուցային տարին իր բոլորաշրջանն ավարտում ու եզրագծին հասնում` ամենքին ազդարարելով, որ ավարտվեց ևս մեկ տարի, որ ամփոփման ու եզրակացությունների ժամանակաշրջան է, ու կարելի է մի փոքր դադար առնել, անկախ ձեռքբերումներից ու կորուստներից, նոր ուժով, լավատեսությամբ գոտեպնդվել ու առաջընթացի տրամադրությամբ սկսել նոր տարին:
Երբ տարվա կտրվածքով վեր ենք լուծում արածն ու չարածը, ներդրված ջանքները և քաղած պտուղները, մեր երկրի, ընտանիքի, մեր անձնական գործերում տեղ գտած դրականն ու բացասականը, փորձում ենք որակել՝ տարին բարեբե՞ր էր, գո՞հ ենք արդյոք….
2016 թվականը մեզ բոլորիս համար իրադարձություններով լեցուն տարի էր. ապրիլյան կարճատև պատերազմը և կրած ծանր կորուստները ցնցեցին մեզ: Անդառնալի վշտի կողքին հպարտության անափ զգացումներ ապրեցինք՝ տեսնելով անվեհեր հայրենասիրության վառ օրինակներ, այդ թվում՝ մեր համալսարանի ուսանողների: Մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքն էլ վայրիվերումներով անցավ: Ու այդ ամենը չէր կարող իր անդրադարձը չունենալ մեր հոգեվիճակի, տրամադրության, ծրագրերի ու նպատակների վրա:
Համալսարանական մեր մեծ ընտանիքը ևս մեկ տարի իր ճանապարհն անցավ, որում կրթական ծառայություններ մատուցողի իր դերն ու առաքելությունն իրագործեց հետևողականորեն ու պատվով՝ հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, նպատակներին:
Ամանորը բարու տոն է, հույսի ու լավատեսության տոն: Յուրաքանչյուր տարին հեռանալով, անտարակույս, ուսանելի մի բան է թողնում՝ մի լավ հիշողություն, մի կարևոր փորձառություն, մի նոր ձեռքբերում:
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, մեզ բոլորիս համախմբում է միասնական ու վեհ նպատակ, հանուն որի համատեղում ենք մեր կամքը, ջանքերը և ձգտումները:
Թող որ Նոր տարին Երկիր մոլորակի ու մեր սիրելի հայրենիքի համար խաղաղ ու բարեբեր լինի, մեզ ուժով, եռանդով ու լավատեսությամբ օժտի, ու մեր միասնական հաջողությունները դառնան բարի գործերի, բարու հաղթանակի ու մեծ ձեռքբերումների գրավական:
Շնորհավոր նոր 2017 թվական:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ